Նոր Զելանդիայի իշխանությունները հավելյալ 30,2 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն տնտեսության վրա համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու համար: Այս մասին հայտնել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը. գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա խոսքով, 2020 թվականի բյուջեի առանցքային խնդիրը կլինի 50 մլրդ նորզելանդական դոլարի (30.2 մլրդ ԱՄՆ դոլարի) չափով հատուկ ֆոնդ ստեղծելը:
«Վերականգնման ֆոնդը կապահովի խոշոր ներդրումներ աշխատանքի տեղեր ստեղծելու, ինչպես նաև մի շարք մասնագիտությունների գծով անվճար ուսուցում կազմակերպելու համար, կիրականացվի դպրոցներում անվճար սնունդ ծրագիրը և այլն»,- նշել է նա: Վարչապետի խոսքով, կանխատեսումների համաձայն, առաջարկվող ծրագրերի իրականացման շնորհիվ կպահպանվի 138 հազար աշխատանքային տեղ և կապահովվի զբաղվածության աճ հաջորդ երկու տարիների համար:
Նոր Զելանդիայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1 497 մարդ: Արդեն բուժվել են 1411-ը, մահացել՝ 21-ը: Վերջին երեք օրն այստեղ վարակի նոր դեպքեր չեն գրանցվում: