կարևոր
1758 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-13 21:58

Ատրճանակներ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել

Ատրճանակներ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 11-ին Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ և այլն։ Երիտասարդի հայտնածով` զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ քեռուն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Մայիսի 12-ին Դիլիջանում բնակվող 67-ամյա մի տղամարդ ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած «ՏՕԶ» տիպի գործարանային համարով հրացան՝ նախատեսված 16 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար։

«Կողբ գյուղում բնակվող 29-ամյա մի երիտասարդ էլ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ պապի «Ջ-1» տիպի պայթուցիչով նռնակը, ինչպես և ինքնաշեն հրացան՝ նախատեսված 32 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար։
Գործարանային համարով երկփողանի հրացանն ու տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտները ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է Չինարի գյուղի 52-ամյա մի բնակիչ, որի հայտնածով՝ զենք-զինամթերքը գտել է տանիքը նորոգելիս։ Դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, նռնակ, նռնակի պայթուցիչ, և 120 հատ ինքնաձիգի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։

«Ֆ-1» տիպի նռնակը, նռնակի պայթուցիչները, ինքնաձիգի պահունակներն ու 150-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է Ուջան գյուղի 48-ամյա բնակիչը ։ Նրա հայտնածով՝ զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։