650 դիտում, 2020.05.13 18:28

ՀՀ քաղավիացիայի մասին ԵՄ գործակալության զեկույցը՝ մայիսի վերջին. ինչ է քննարկվել սպասված նիստին

ՀՀ քաղավիացիայի մասին ԵՄ գործակալության զեկույցը՝ մայիսի վերջին. ինչ է քննարկվել սպասված նիստին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությանը ներկայացրել է Հայաստանում ոլորտում կատարած նշանակալի փոփոխությունները, հորդորել է վերանայել հայկական երկու ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու սահմանափակման մասին որոշումը. ԵՄ գործընկերները ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մասին վերջնական զեկույցը կտրամադրեն մայիսի վերջին: Այս մասին քննարկվել է մայիսի 12-ին Եվրոպական անվտանգության թիմի նիստում: Լուրը հայտնում են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից:

«Մայիսի 12-ին առցանց տարբերակով տեղի է ունեցել Եվրոպական անվտանգության թիմի նիստը, որին մասնակցել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։ Նիստը տևել է 6 ժամ, որի ընթացքում Կոմիտեի և ավիաընկերությունների կողմից ցուցադրվել են թռիչքային անվտանգության ապահովման հետ կապված շնորհանդեսներ: Կոմիտեն համապարփակ կերպով ներկայացրել է ՀՀ-ում թռիչքային անվտանգության ոլորտում իրավիճակը, նշանակալի փոփոխությունները, նախորդ տարվա նոյեմբեր ամսվա լսումներից հետո կատարված հստակ քայլերը և հետագա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունները»,-հայտնում են կոմիտեից:

Ժամանակավորապես սահմանափակվել էին 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքները)։

«Կոմիտեն հորդորել է EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: Հաշվի առնելով խնդրի լրջությունը՝ կոմիտեն մնում է այն համոզմունքին, որ թռիչքային անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է Եվրամիության, անդամ պետությունների, EASA-ի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի սերտ համագործակցությունը:Ըստ Եվրոպական Միության գործընկերների հայտարարության՝ վերջնական զեկույցը նախատեսվում է տրամադրել կոմիտեին այս ամսվա վերջին»,-հայտնում է քաղավիացիայից:

Կոմիտեն խորին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը, մասնավորապես դեսպան Անդրեա Վիկտորինին՝ առցանց տարբերակով լսումներն ապահովելու, ինչպես նաև բոլոր ավիաընկերություններին` նիստին գործուն մասնակցություն ցուցաբերելու համար: