կարևոր
1612 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-12 23:51

Կորոնավիրուսը տարածում է գտնում Սպիտակ տանը. «Ամերիկայի ձայն»

Կորոնավիրուսը տարածում է գտնում Սպիտակ տանը. «Ամերիկայի ձայն»

Ըստ ամերիկյան մի շարք լրատվամիջոցների, երկրի փոխնախագահ Մայք Փենսը եկող օրերի ընթացքում խուսափելու է Սպիտակ տան աշխատակիցների հետ շփումներից: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Խնդիրն այն է, որ նրա խոսնակ Քեթի Միլլերի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Երկշաբաթյա ինքնամեկուսացում են սկսել ԱՄՆ-ի առողջապահության բնագավառի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ազգային հաստատության տնօրեն Էնթընի Ֆաուչին: Նույն քայլին են դիմել կորոնավիրուսի հարցերով ստեղծված Սպիտակ տան հատուկ խմբի անդամները, երբ հայտարարվեց, որ նրանք շփում են ունեցել կորոնավիրուս կրող անձնավորության հետ: 

Ծովային գործողությունների գլխավոր հրամանատար Մայքըլ Գիլդեյը նույնպես տեղեկացրել է, որ կովիդ 19 հիվանդությամբ վարակված անձնավորության ազգակիցների հետ հանդիպումից հետո ինքն անցում է ինքնամեկուսացման: Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քեւին Հասեթն էլ հայտարարել է, թե Սպիտակ տանն աշխատելը մտահոգիչ է եւ որ հարկավոր է աշխատանքներն իրականացնել տնից: 

Ինչպես երկու ավագ պաշտոնյաներ են ասել, քաղաքական շրջանակները Վաշինգտոնում մտահոգ են, որ վիրուսով կարող են վարակվել երկրի նախագահն ու փոխնախագահը: Ու դա շատ մտահոգիչ է, քանի որ հրամանատարությունը փոխանցելու շղթա կազմված չէ: 

Ըստ Ռոյթերս լրատվական գործակալության, Թրամփի վարչակազմը ներկա պահին չի ծրագրում սոցիալական հեռավորության մասին կանոններ կիրառել նախագահի ու փոխնախագահի համար: Պարզապես Սպիտակ տանը պարբերաբար կատարվելու են ախտահանիչ գործողություններ, իսկ աշխատակազմի մեծ մասին պարտադրելու են աշխատել տնից:

ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարության փաստաթղթերի համաձայն, կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի գաղտնի ծառայության 34 աշխատակիցների մոտ, որոնցից 23-ն արդեն բուժվել են: