կարևոր
1330 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-12 19:24

ԿԲ-ի մոտից ոստիկանություն բերված երկու քաղաքացիներն ազատ են արձակվել

ԿԲ-ի մոտից ոստիկանություն բերված երկու քաղաքացիներն ազատ են արձակվել

Ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չեթարկվելու համար Կենտրոնական բանկի մոտից Ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված երկու քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հետագա գործողությունների մասին կհայտնի մայիսի 12-ի երեկոյան «Ֆեյսբուք»-ի իր էջից ուղիղ եթերի ժամանակ։

Նա նշել է, որ բանկային համակարգը պետք է բերվի այն մակարդակի, որ ծառայի հասարակ քաղաքացիներին։

Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիս 12-ին ակցիա էին կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին փոխանցել էր, որ մեկ անձ կարող է մտնել շենք և հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն նրանք հրաժարվել են այդ առաջարկից։ Նրանք պահանջել էին, որպեսզի ԿԲ ներկայացուցիչը գա և հանդիպի իրենց հետ։ Մի փոքր անց ոստիկանության ներկայացուցիչը հորդորել էր ողջամիտ ժամկետում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։ Մանուել Մանուկյանը հակադարձել էր, թե իրենք ակցիա չեն իրականացնում, այլ եկել են հանդիպելու ԿԲ ներկայացուցչի հետ։ Նա բարձր կոչերով փորձել էր սրել իրավիճակը, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։ Երկու քաղաքացի բերվել են ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։