կարևոր
1560 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 23:03

Ճիշտ չէ, որ սփյուռքի բոլոր գործիչները համաձայն են Փաշինյանի քաղաքականության հետ. Մուրադ Փափազյան

Ճիշտ չէ, որ սփյուռքի բոլոր գործիչները համաձայն են Փաշինյանի քաղաքականության հետ. Մուրադ Փափազյան

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով՝ ճիշտ չէ մտածել, որ սփյուռքի բոլոր պատասխանատուները համաձայն են ՀՀ կառավարության գործունեության հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

Մուրադ Փափազյանը անդրադառնալով «Ազատություն» ռ/կ-ի տարածած հրապարակմանը, որով լրատվամիջոցը մեջբերում էր «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի հոդվածը և  «Նոր հառաջի» առցանց համարում հրատարակված «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության բաց նամակը և վերնագրում, որ  սփյուռքահայ գործիչները հորդորում են Նիկոլ Փաշինյանին շարունակել բարեփոխումները:

«Սփյուռքը բազմազան է, և այդ տարբերություններն են կազմում մեր հարստությունը: Պետք է հարգել տեսակետների տարբերությունը: Ժողովրդավարության հիմքն են բանավեճն ու կարծիքների բազմազանությունը»,- ասել է նա՝ կրկին շեշտելով, որ ըստ այդմ՝ ճիշտ չէ, որ սփյուռքի բոլոր գործիչները համաձայն են Փաշինյանի քաղաքականության հետ:

Նա հավելել է, որ Ֆրանսիայում իրենց հաջողվեց ոչ այդքան հեշտությամբ միասնականություն ստեղծել: «Ամեն ինչ պետք է անենք և անում ենք, որ համայնքը չտկարանա»,- ասել է նա:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ իրենք նաև պատրաստ են իրենց մասնակցությունը բերել Հայաստանում շիկացած մթնոլորտի մեղմացմանը: «Վարչապետի և իշխանության  հետ ժողովուրդը մեծ հույսեր կապեց, և հիմա նրանք ունեն մեծ պատասխանատվություն իրականացնելու այդ սպասումները և երկիրը   առաջնորդելու դեպի ուժեղ ապագա»,- ասել է նա:

Նրա մատնանշել է՝ Հայաստանը շրջապատված է թշնամիներով, ուստի այստեղ պարտավոր են ներքին միասնականություն ունենալ:

«Դա վարչապետի ներքին պատասխանատվությունն է- ասաց նա, ապա հավելեց,- գիտենք, որ վարչապետը հաճախ է հիշատակում Նելսոն Մանդելային: Հիշեցնենք, որ Մանդելան պատասխանատվություն ունեցավ համախմբելու բոլոր ուժերին՝ համախոհ, թե՝ ընդդիմադիր: Նա երբեք «վհուկների որսով» չզբաղվեց: Անգամ իրեն 28 տարի բանտարկածներին համախմբեց, որովհետև լավ գիտեր, որ միայն ներքին միասնականությունը կարող է  հասունացնել, զորացնել իր երկիրը և ապահովել իր ժողովրդի արժանավայել ապագան»:

Ֆրանսահայ գործիչը նշել է, որ իրենք տեսնում են, որ Հայաստանում իրավիճակը հանգիստ չէ, ժողովուրդը բաժանված է: Այս համատեքստում մատնանշեց օրերս խորհրդարանում Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի հետ կապված միջադեպը: «Դա օրինակ է, որ այս լարված մթնոլորտը Հայաստանն ու հայ ժողովրդին ճիշտ տեղ չի տանում»,- ասել է նա:

Նա շեշտել է, որ Հայաստանի և հայ ժողովրդի միաձայնությունը, միասնականությունը կարող է ապահովվել, եթե հարգվի բազմակարծությունը:

 «Եթե վարչապետը, կառավարությունը ուզում են բոլորին համախմբել իրենց շուրջ, պետք է ազգային միասնականություն ստեղծեն, որովհետև այսօր դրա լուրջ ռազմավարական  անհրաժեշտությունը կա: Այո՛, սփյուռքում կան կառավարության քաղաքականությանն աջակցողներ, բայց կան նաև այն քննադատողներ: Պետք է հաշվի առնել, որ սփյուռքն անկախ մարմին է, կապված չէ Հայաստանի հետ, կարելի չէ դա: Տեսանք, թե ինչ եղավ Խորհրդային միության տարիներին, տեսանք, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ էր փորձում անել: Մենք դիմադրեցինք: Սփյուռքը անկախ էություն է, պետք է անկախ լինի, և պետք է չէ տկարացնել սփյուռքը: Եթե փորձ արվի բաժանելու սփյուռքը, անխուսափելիորեն կտկարանա այն, իսկ սփյուռքը Հայաստանի համար անփոխարինելի ռեսուրս է: Թե՛ հայապահպանության գործում, թե՛ Հայ դատի պաշտպանության գործում սփյուռքը անպաշտոն դիվանագիտություն է վարում: Սփյուռքն առաջ է տանում Արցախի՝ միջազգային ատյաններում ճանաչման գործընթացը: Այնպես որ մի՛ տկարացրեք սփյուռքը և մի փորձեք սփյուռքը ծառայեցնել այլ նպատակներին»,- ասել է նա: