կարևոր
1364 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-11 18:36

Հարսանիքի օրը մտել էին փեսայի տուն ու գողություն արել

Հարսանիքի օրը մտել էին փեսայի տուն ու գողություն արել

Շիրակի մարզում գյումրեցի երեք երիտասարդ հարսանիքի օրը մտել էին փեսայի տուն ու գողություն արել։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Մարտի 4-ին` կեսգիշերն անց, Ղարիբջանյան գյուղի մի բնակիչ ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ իր տնից գողություն է կատարվել:

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Իրավապահներն ուսումնասիրել էին տան տարածքը, կազմել արձանագրություններ: Օգտվելով տանտերերի բացակայությունից` անհայտ անձը, կամ գուցե անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին ննջասենյակի պատուհանը, գողացել հեռուստացույց, բջջային հեռախոս, կենցաղային իրեր` պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:

Տպավորությունն այնպիսին էր, ասես գողերը գիտեին` երբ և ում տուն են մտնում:

Տանտերերը մարտի 3-ին հարսանեկան արարողության էին մասնակցում և ժամը 17-ից մինչև ժամը 23-ը տնից բացակայել էին, այդ ժամանակ էլ կատարվել էր գողությունը:

Փաստերը հուշում էին, որ դա մեկ մարդու ձեռքի գործ չէր:

Բացահայտման ուղղությամբ որոնողական աշխատանք սկսվեց: Ցուցում տրվեց ուժեղացնել քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների համագործակցությունը, օպերատիվ իրավիճակին տիրապետելու համար ակտիվացնել շփումները գյուղացիների հետ:

Ամիսներ անց տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը կատարել են գյումրեցի երեք երիտասարդ:

Մայիսի 6-ին կասկածվողները բերման են ենթարկվել ոստիկանության Ախուրյանի բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք ապրիլի 27-ին էլ Ախուրյան գյուղում մեղվի հինգ փեթակ են գողացել:

Բերման ենթարկվածներից մեկը ձերբակալվել է:

Հանգամանքները պարզվում են:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: