«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը համավարակի տարածման առաջին իսկ օրից մինչև մայիսի 1-ը 1259 սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ է տրամադրել շահառուներին: Աջակցությունը բաժանվել է Հայաստանի 4 մարզերում՝ Շիրակ, Լոռի, Գեղաքունիք և Արարատ: Այս մասին հայտնել է «Հայկական Կարիտաս»-ի հանրային կապերի ու տեղեկատվության պատասխանատու Արմենուհի Մխոյանը։
«Այս ընթացքում, առաջին ու ամենակարևոր գործողությունը, Շիրակի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում, 200 դիմավահան և 200 բժշկական արտահագուստի տրամադրումն էր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցին և շտապօգնության կայանին: Սրան զուգահեռ փաթեթներ տրամադրվեցին ինչպես կազմակերպության շահառուներին՝ միայնակ և անժառանգ տարեցներին, միայնակ մայրերին և հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ դժվարին իրավիճակում հայտնված շատ այլ քաղաքացիների»,-նշել է Մխոյանը՝ ավելացնելով, որ բացի սննդի ու հիգիենիկ պարագաներից, խոցելի խմբերի կարիքներին արձագանքելու համար իրականացվում է շարունակական հեռավար խորհրդատվություն և մշտադիտարկում, ինչպես նաև խիստ անհրաժեշտության դեպքում՝ տնայց տարեցներին:
«Այս ընթացքում կազմակերպության կողմից նաև 15 արդյունավետ վառարան և ավելի քան 4 տոննա էկոբրիկետ է տրամադրվել Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին: Ի դեպ, այս օրերին կազմակերպությանը, օգնության ակնկալիքով, շատ քաղաքացիներ են դիմում, սակայն, ելնելով ստեղծված իրավիճակից, այս պահին բոլորին չենք կարող օգնել: Հնարավորության դեպքում աջակցության շրջանակն ու շահառուների թիվը կընդլայնվի»,-նշել է պատասխանատուն: