կարևոր
2811 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-11 16:14

Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը պատրաստ են մանդատները վայր դնել՝ եթե նույնն անեն նաև Էդմոն Մարուքյանը, Հրայր Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը. Լիլիթ Մակունց

Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը պատրաստ են մանդատները վայր դնել՝ եթե նույնն անեն նաև Էդմոն Մարուքյանը, Հրայր Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը. Լիլիթ Մակունց

Մենք արդեն դատապարտել ենք այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքի, մենք իրավունք չունեինք մտնել այդ դաշտ, բայց միևնույն ժամանակ մենք դատապարտում ենք նաև մարդու արժանապատվությունը հետևողական կերպով ամիսներ շարունակ ոտնահարելը և կոնֆլիկտներ հրահրելը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Ուզում եմ բոլորիս հիշեցնել, թե այս վերջին շրջանում ինչ է տեղի ունեցել, ինչ ժամանակագրությամբ: Ես ուզում եմ հիշեցնել, թե ով էր այն պատգամավորը, ով 2019 թվականի հունվարի 16-ին, երդմնակալության արարողությունից երկու օր անց կոնֆլիկտ հրահրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ, և նա Էդմոն Մարուքյանն էր»,-ասաց նա և նշեց, որ Էդմոն Մարուքյանը երկու շաբաթ առաջ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանին պարբերաբար ընդհատում էր, հնչեցրել է նաև սպառնալիք՝ «Ձայնդ կտրիր, թե չէ քթիցդ արյուն է գալու»:

Լիլիթ Մակունցը նշեց, որ Ռուբեն Ռուբինյանի ելույթի ժամանակ Էդմոն Մարուքյանն իջել է իր աթոռից և, փորձելով չթողնել պատգամավորին խոսել, հրահրել է կոնֆլիկտ: Ըստ նրա՝ Էդմոն Մարուքյանը Սուրեն Գրիգորյանին դիմում էր՝ «ով ես դու արա» ոճով, նա սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին, իսկ ԼՀԿ-ի ներկայացուցիչներից մեկը ասել՝ «հեսա քֆուր կտամ»:

«Այսօր ունենք իրավիճակ, երբ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի եղբայրը շարունակում է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու մշակույթը մեկ այլ պատգամավորի մոր հասցեին: Էդմոն Մարուքյանը, եթե իրապես բռնության արժեքներին դեմ է, ինչպես կարող է այն բանից հետո, երբ Սասուն Միքայելյանն իրեն ապտակել է, ԲՀԿ պատգամավորներից մեկը, ինչպես նաև մյուսները Սասուն Միքայելանին պահել ու հնարավորություն չէին տվել որևէ կերպ գործողություն անելու, Էդմոն Մարուքյանը, տեսնելով, որ ինքնապաշտպանվելու վտանգ չունի, հարձակվում և ոտքով հարվածում է, որից հետո հետևում է պատգամավորների կողմից միջամտություն: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, ինչպես փորձում են պնդել, ի դեմս իր ղեկավարի՝ կոնֆլիկտ հրահրող կողմ է»,-ասաց նա:

Լիլիթ Մակունցը իր համար անհասկանալ համարեց, որ խմբակցության ղեկավարը կարող է կոնֆլիկտներ գեներացնողի դերում հանդես գալ և նշեց, որ իրենք, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երբեք իրենց թույլ չեն տվել նման բառամթերք օգտագործել, ոչ էլ կրքեր բորբոքել:

«Վերահաստատելով, որ կոնֆլիկտը ունի երկու կողմ, մենք գտնում ենք, որ այո, այս ամենը հարթելու համար և թույլ չտալու համար, որպեսզի հետագայում նման միջադեպեր չկրկնվեն, այնպիսի մթնոլորտի գեներացում, որը անում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, այս ամենը պետք է ունենա քաղաքական հետևանք, և դրա մասին հայտարարեց Սասուն Միքայելյանը»,-ասաց նա և հիշեցրեց, որ Սասուն Միքայելյանը ասաց, որ ինքը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը:

«Ավելին իրենց մադնատները պատրաստ են վայր դնել նաև Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում «Լուսավոր Հայաստան»-ից Հրայր Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, սա է արդարարությունը և սա է քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա»,-ասաց նա:

Լիլիթ Մակունցը կարծում է, որ շատ կարճ ժամանահատվածում ԼՀԿ-ն պետք է արձագանքով հանդես գա և հայտնի իր դիրքորոշումը: «Սպասում ենք»,-ասաց նա: