կարևոր
1772 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-11 15:22

Կարեն Կարապետյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության մասին

Կարեն Կարապետյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության մասին

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու պատճառները:

Այս հարցին Կարապետյանն անդրադարձավ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Առաջին՝ ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ Մարտի 1-ի հետ կապված առկա հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան: Երկրորդ՝ հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումն ու ավանդն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության և կայացման գործընթացում: Երրորդ՝ երկու տարի է, գրեթե, ինչ այս դատական գործընթացն ընթանում է, և հավանական է, որ շատ երկար ժամանակ կարող է տևել, այդ պատճառով ես միջնորդել եմ, որպեսզի խափանման միջոցը փոխվի»,- ասաց Կարապետյանը:

Մայիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ներկայացան Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, որոնք Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացրին։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։