24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նկատում է, որ աշխատողների իրավունքները ոտնահարման դեպքերը շատ են, ընդ որում չկան նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ:
Թաթոյանը նման տեսակետ հայտնեց` ԱԺ-ում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին:
«Աշխատանքային իրավունքները կարևորագույն նշանակություն ունեն: Այս ոլորտում, ցավոք, աշխատողների իրավունքների ոտնահարումները շատ են՝ պայմանավորված մի քանի պատճառներով: Առաջինն այն է, որ գործատուն թելադրողի դերում է հանդես գալիս և հաճախ չարաշահումներ է անում: Օրինակ` տիպային բնույթի խախտումներ կան, որոնք հաճախ կրկնվում են՝ աշխատավարձից չսահմանված կարգով պահումներ անելը, վերջնահաշվարկ չկատարելը, հղի կամ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց արգելված աշխատանքի ներգրավելը և այլն»,- ասաց Թաթոյանն ու նշեց՝ ընդ որում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմներն արդյունավետ չեն:
ՄԻՊ-ը նկատեց՝ գոյություն չունի արտադատական մարմին, որը կզբաղվի, օրինակ, աշխատավարձերի հարցերով: Նա հիշեց՝ մի գործով բավականին երկար աշխատել էին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ: Գյումրիում եղել է կազմակերպություն, որը աշխատվարձերի հետ կապված խնդիրներ է առաջացրել: Թաթոյանը նկատեց՝ այն կազմակերպություն էր, այսինքն ՄԻՊ-ը չուներ շատ իրավասություն: «Փորձեցինք աշխատել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ, սակայն իրենց լիազորությունները նույնպես սահմանափակ են, նրանք աշխատավարձի հետ կապված հարցերով չեն կարող զբաղվել: Եվ այս խնդիրների պատճառով իդեալական համակարգը դատական համակարգն է: Սակայն, դատարան դիմելու դեպքում մարդը տարիներով հայտնվում է քաշքշուկի մեջ»,-նկատեց պաշտպանը:
Նա նշեց՝ եթե չի սխալվում, ապա կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այդպիսի մարմին ստեղծելու հարց քննարկվել է, և ինքը դա շատ դրական է գնահատում: