կարևոր
1587 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-10 23:50

Ինչո՞ւ Հայաստանում չի ձևավորվում քաղաքական էլիտա

Ինչո՞ւ Հայաստանում չի ձևավորվում քաղաքական էլիտա

20-րդ դարը նշանավորվեց մի շարք կարևոր իրադարձություններով, որոնք առանցքային փոփոխություններ առաջ բերեցին թե՛ տարածաշրջանում և թե՛ համաշխարհային քաղաքական դաշտում ընդհանրապես: Խորհրդային Միության փլուզումը որոշ գնահատումներով աշխարհաքաղաքական աղետ էր տարածաշրջանային քաղաքականության առումով, բայց և հնարավորությունների աղբյուր էր՝ ընձեռված նախկին միութենական, սակայն այլևս նորանկախ երկրներին, որոնց մեծ մասը պետականության փորձ չուներ նախքան ԽՍՀՄ կազմավորումը: Ազգային-արմատական գաղափարախոսությունները հատկանշական էին այս ժամանակահատվածում անկախական նկրտումներ ունեցող հոսանքների համար, որոնց առաջնորդներն էլ կարճ ժամանակ անց դառնալու էին իրենց երկրներում նոր ձևավորվող քաղաքական էլիտաների (ընտրախավերի) կորիզը:

Այդպիսիք էին, օրինակ, Զվիադ Գամսախուրդիան (Վրաստանում), Աբուլֆազ Էլչիբեյը (Ադրբեջանում) և այլն: Հայաստանում ազգային շարժումը ձևավորվեց Արցախյան հիմնախնդրի շուրջ, և 1988 թվականի մայիսին ստեղծված «Ղարաբաղ» կոմիտեն էլ դարձավ առանցքային այն կազմակերպությունը, որի շուրջ համախմբվեց, որում ձևավորվեց և որից էլ դուրս եկավ Հայաստանի Հանրապետության քաղաքական ընտրախավի անդրանիկ «օրինակը»: Հենց նույն կազմակերպության անդամ էր ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը: Այնուամենայնիվ, մեր պետականության վերջին երեք տասնամյակների պատմությունը ցույց է տալիս, որ մեր քաղաքական իրականության ծիրում այդպես էլ չի հաջողվել ստեղծել էլիտիստական արժեբանության վրա հիմնված քաղաքական համակարգ, ինչն էլ հենց պիտի թույլ տար խուսափել տարատեսակ քաղաքական ճգնաժամերից և բարեհաջող կերպով հաղթահարել հետխորհրդային համակարգերին հատուկ անցումային շրջանը՝ մուտք գործելով ժողովրդավարական համախմբման փուլ: Որո՞նք են, ի վերջո, այս տևական ու ոչ նպաստավոր իրադրության պատճառները: Դրանք պարունակում են թե՛ սոցիալ-տնտեսական և թե՛ քաղաքական բաղադրիչ:

Խորհրդային Միության փլուզմանը հաջորդեց տնտեսական ճգնաժամ, որի նախադրյալները ստեղծվել էին դեռևս ԽՍՀՄ տարիներին: Տնտեսապես սերտորեն փոխկապակցված երկրների անկախացումով միանգամից կտրվեցին այդ երկրների միջև առկա տնտեսական կապերը, ինչը հանգեցրեց տնտեսական հզոր ենթակառուցվածքների քայքայման, առաջացրեց արդյունաբերական ճգնաժամ, տնտեսության որոշ ճյուղերի ամբողջական կաթվածահարում, անգամ կործանում` առաջ բերելով գործազրկության ահռելի ալիք: Գործազրկությունը ներառեց ոչ միայն, այսպես կոչված, «կապույտ արյուն ունեցողներին» և «սպիտակ օձիքավորներին», այլ նաև գիտության, արվեստի և հասարակական կյանքի այլ ոլորտներում նշանակալի դերակատարություն ունեցող մտավորականությանը, ովքեր ինքնին իրենց ոլորտներում ընտրախավի ներկայացուցիչներ էին:

Այլևս գոյություն չունեին նախկին ֆինանսական և այլ միջոցները, որոնցով ապահովվում էր նշված ոլորտների գոյությունը, գործունեությունը և զարգացումը: Հետեւանքը եղավ այն, որ ստեղծված ծանր տնտեսական իրադրությունը հանգեցրեց մի շարք բացասական սոցիալական զարգացումների, որոնցից ամենավնասաբերը մեծ թափ հավաքող արտագաղթն էր, հիմնականում` դեպի Արևմուտք: Սոցիոլոգիական եզրութաբանության մեջ ընդունված «ուղեղների արտահոսք» ասվածը, այսպիսով, կարելի է որակել որպես ոչ այլ ինչ, քան «ընտրախավերի արտահոսք»: Ընտրախավեր, որոնցով համալրվեցին և իրենց գիտական հզորությունն ու ներուժը բազմապատկեցին հյուրընկալող երկրները (հիմնականում` արևմտյան):

Սա հանգեցրեց հասարակության էլիտարության տոկոսի շեշտակի անկման, ինչպես նաև այդ էլիտարության վերարտադրողականության դանդաղեցման: Գիտական ենթակառուցվածքների թուլացումը, պետական հատկացումների նվազեցումը (հիմնականում` կիրառական գիտությունների ոլորտում) պատճառ դարձան գիտության մի շարք ճյուղերի աստիճանական անկման, և ոլորտային առաջատար մասնագետները դիմեցին հարկադիր արտագաղթի` պայմանավորված թե՛ սոցիալական գործոններով, թե՛ մասնագիտական աճի թույլ հեռանկարով, ինչու չէ, նաև անհնարինությամբ:

Համաձայն էլիտիստական տեսության ռահվիրա, հույն մեծ փիլիսոփա Պլատոնի` իդեալական պետության ղեկավարումը պետք է ստանձնեն «ոսկե արյան» տեր փիլիսոփաները, ինչն արտածելով մերօրյա իրականության վրա` կտեսնենք, որ խոսքը բարձր արհեստավարժությամբ օժտված, հանրային բարիք ստեղծող, իրենց ոլորտներում նշանակալի արդյունքներ գրանցած քաղաքականության, գիտության, արվեստի և հասարակական այլ ոլորտներ ներկայացնող անհատների մասին է: Հենց այս հատկանիշները պետք է դրվեն ԸՆՏՐԱԽԱՎԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ հիմքում, ինչը, ըստ իտալացի սոցիոլոգ Գ. Մոսկայի, տեղի է ունենում երկու ձևով՝ փակ և բաց:

Ընտրախավի փակ կամ գիլդային հավաքագրմանը բնորոշ են վերջինիս ձևավորման սահմանափակ սոցիալական հիմքը, գերիշխող կամ վերջինիս մոտ կանգնած սոցիալական խմբերից կատարվող ընտրասերումը, ընտրախավը համալրող անձանց խիստ սահմանափակ շրջանակը և այլն: Ընտրախավի համալրման բաց կամ անտրեպրենյորական ձևին բնորոշ է հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների կողմից ընտրախավի համալրմանը մասնակցելու հնարավորությունը, իսկ ընտրախավի համալրման նախապայմաններից են արհեստավարժությունն ու բարոյական բարձր որակների առկայությունը:

Ընդհանրապես որևէ հասարակության զարգացման հետագա ուղին ուրվագծելու համար անչափ կարևոր է, թե ինչ ճանապարհներով է կատարվում տվյալ հանրույթի ընտրախավի հավաքագրումը: Երեսնամյա մեր պետականության պայմաններում մենք, ցավոք, ականատես ենք եղել ընտրախավի հավաքագրման առաջին տարբերակին միայն: Պետական անկախության վերականգնման առաջին տարիներին, երբ պետական ինստիտուտների ձևավորումը սկզբնական փուլում էր, «Ղարաբաղ» կոմիտեի շուրջ ձևավորված «Հայոց համազգային շարժում» քաղաքական ուժը, որը հետագայում վերածվեց զանգվածային կուսակցության, իշխանության գալով, դարձավ այն հիմնական ատաղձը, որի հիման վրա ձևավորվեց ժամանակի քաղաքական ընտրախավը, և սա դարձավ վատ ավանդույթ հայ քաղաքական իրականության մեջ՝ «մոդել» ծառայելով հետագա տասնամյակերի ընթացքում: 2018 թվականի ժողովրդական ընդվզման հետևանքով կարծես թե ստեղծվել էր բացառիկ հնարավորություն` վերջ տալու այս արատավոր երևույթին, երբ «Սիրո և հանդուրժողականության» լոզունգներով զինված` քաղաքական ընտրախավ մուտք գործեց մի զանգված, որը նախկինում այնտեղ հայտնվելու որևէ լուրջ հայտ չէր ներկայացրել ո՛չ իր հասարակական-քաղաքական արդյունավետ ակտիվությամբ, ո՛չ էլ հանրային բարիքի ստեղծման մեջ ունեցած չափաբաժնով, և քաղաքական ընտրախավի համալրման միակ նախապայմանը, փաստորեն, ժողովրդական շարժման առաջնորդներին ուղեկից և նեցուկ լինելն էր:

-Ժողովրդավարական համակարգերում քաղաքական ընտրախավի համալրման գործընթացում ակտիվորեն ներգրավվում են -երիտասարդ քաղաքական գործիչները, ինչը հետապնդում է մի շարք կարևոր նպատակներ, որոնցից են`
-քաղաքական սերնդափոխության ապահովումը,
-քաղաքական համակարգ «նոր արյան ներարկումը» նոր գաղափարների, նոր տեսլականի, նոր ծրագրերի տեսքով,
-քաղաքական իսթեբլիշմենթին հակադրվող և քաղաքական համակարգը բալանսավորող ուժի ապահովումը,
-քաղաքական գերոնտոկրատիայի (ծերունապետության) կանխումը,
և այլն:

Հայաստանի Հանրապետության պարագայում երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում տարբեր դրսևորումներ ունի, որտեղ, ցավոք, գերակշռում են մարգինալիզմը և «ճոճվող մարդու» քաղաքական տիպը, որոնք դրսևորվում են քաղաքական իրադրության փոփոխություններով պայմանավորված մեկ քաղաքական շրջանակից մյուսը անցում կատարելով: Այս երևույթի հիմնական պատճառները շրջանցելով` կցանկանայինք ընդգծել երևույթի գաղափարական-սկզբունքային բաղադրիչի կարևորությունը, ինչպես նաև քաղաքական մշակույթի զարգացման մակարդակը, քանի որ վերջիններիս բացակայությամբ կամ թույլ զարգացածությամբ է պայմանավորված երիտասարդության ոչ կայուն ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում, հետևաբար գաղափարական ու կայուն հայ երիտասարդն է, որ իր մասնակցությամբ պետք է թե՛ ձևավորի ու կայացնի հասարակության քաղաքական մշակույթը և թե՛ քաղաքական ընտրախավին մաս կազմելով զարգացնի ու կայունացնի ժողովրդավարական արժեքները:

Պետականության զարգացման կարևորությունը որպես առաջնահերթություն որդեգրելու դեպքում իշխանության ղեկի մոտ գտնվող քաղաքական ուժը պետք է քաղաքական գործընթացներում ներգրավվելու իրական հնարավորություն ստեղծի հնարավորինս բազմազան քաղաքական գաղափարախոսությունների ու ուղղությունների հետևորդ երիտասարդության համար` խուսափելով երիտքաղաքական դաշտի մենաշնորհայնացումից: Այսպիսի հանրային քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է երիտասարդության ներգրավմանը երկրի քաղաքական կյանքին, և հետևաբար ստեղծվելու է քաղաքական ընտրախավի բաց հավաքագրման իրական հնարավորություն։

Տիգրան Չանդոյան
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ