կարևոր
561 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-05-09 15:47

Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր, որի վերադարձը կանխորոշեց հետագա հաղթանակները. Աշոտ Ղուլյան

Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր, որի վերադարձը կանխորոշեց հետագա հաղթանակները. Աշոտ Ղուլյան

 Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր, որի վերադարձը կանխորոշեց մեր հետագա հաղթանակները: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ Եռատոնի առիթով իր ուղերձում:

«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, Արցախի, Մայր հայրենիքի և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին մայիսյան Եռատոնի առթիվ: Հազարամյակների տարեգրություն ունեցող մեր ժողովրդի համար պատմության ընթացքը չափվում է ոչ այնքան տարիներով կամ դարերով, որքան այդ ընթացքում կերտած սխրանքներով ու փառավոր էջերով: Մայիսյան եռատոնը վերջին հարյուրամյակի մեր սխրանքների գոհարն է և մեր ժողովրդի անպարտելիության վկայությունը: Հարատևում ու փառքի են արժանանում այն ազգերը, որոնք ամուր են պահում հաղթանակների շղթան: Մեզ դա հաջողվեց մեր ոգու և միասնականության շնորհիվ: 75 տարի առաջ խորհրդային բանակի կազմում հարյուր հազարավոր հայորդիների տարած հաղթանակը վերահաստատվեց արցախյան ազատամարտի օրերին»,-ասել է Ղուլյանը:

Նա նշել  է՝ պատմական զուգադիպությամբ մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց ու դարձավ հերոսական Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր:

«Շուշին մեզ համար լոկ կրակակետ չէր, որ պետք էր լռեցնել, և ոչ էլ պարզապես մի բնակավայր, Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր, որի վերադարձը կանխորոշեց մեր հետագա հաղթանակները: Իսկ ազատության համար պայքարում ծնված բանակը էլ ավելի ամրապնդեց Արցախի և հայկական միասնական տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունը: Մենք հասկացանք, որ խաղաղությունը չի նվիրվում, այն մեծագույն արժեք է, որ ձեռք է բերվում անկոտրում կամքի և աննկուն պայքարի արդյունքում՝ ցավոք պահանջելով նաև անդառնալի կորուստներ: Փառք և խոնարհում մեր բոլոր նահատակներին, որոնց կյանքի գնով իրականություն են դարձել մեր ազգային երազանքներն ու իղձերը»,- հավելել է Ղուլյանը:

Նա վետերաններին, ազատամարտիկներին, պաշտպանության բանակի զինծառայողներին և բոլորին վերստին շնորհավորելով ազգային հպարտության այս տոնի առթիվ՝ մաղթում է ուժ և զորություն՝ հանուն հայրենիքի խաղաղության և բարօրության: