կարևոր
1231 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-09 13:19

Գեղարքունիքի մարզում դրամական պարգև է ստացել Մեծ հայրենականի մասնակից 19 վետերան

Գեղարքունիքի մարզում դրամական պարգև է ստացել Մեծ հայրենականի մասնակից 19 վետերան

Մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձերի առթիվ, Գավառ քաղաքի Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձաններին ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Հուշարձանի մոտ հոգեւոր հայրերը հնչեցրին տերունական աղոթք՝ ի հիշատակ հայրենիքի համար մարտնչած հերոսների:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորել է Մեծ Հայրենականի եւ Արցախի ազատագրման պայքարում մարտնչած հերոսներին` մաղթելով նրանց խաղաղ երկինք, առողջ ու երջանիկ կյանք:

«Ես այսօր հայցում եմ Մեծ Հայրենականում  եւ Արցախյան ազատամարտում  հերոսացած քաջորդիների ներողամտությունը, քանզի, երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված, մենք իրավունք չունեինք մեծ հավաքույթներ կազմակերպել: Անընդհատ մեր պապերի, մեր հերոսների սխրանքները հիշելով ու հարգելով` ուզում ենք, որ մեր ներկա սերնդի, մեր երեխաների համար դրանք պատմական դաս լինեն, իսկ մեզանում եղած տարբեր խնդիրներն այնպես կարգավորվեն, որ զերծ մնանք պատերազմի սպառնալիքներից: Սակայն այս ամենի համար նախեւառաջ պետք է ունենանք հզոր եւ ամուր հայրենիք, կայուն բանակ, ինչին էլ այսօր ձգտում են հասնել երկրի իշխանությունները»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը:

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համապատասխան որոշմամբ՝ մարզպետարանի կողմից դրամական պարգեւ է հատկացվել Գեղարքունիքի մարզում դեռեւս մեր կողքին ապրող Մեծ Հայրենականի 19 վետերաններին:

«Նրանցից  9-ը ապրում են Մարտունու տարածաշրջանում, 6-ը՝ Գավառի, 2-ը՝ Վարդենիսի տարածաշրջաններում: 1-ական վետերաններ ունենք Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում: Մեծ Հայրենականի վետերաններին մարզպետի կողմից հատկացված պարգեւները կփոխանցվեն մարզպետարանի աշխատակիցների միջոցով»,-ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը: