կարևոր
1549 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-09 09:36

Հպարտ եմ, որ եղել եմ Շուշին վերջնականապես մերը դարձրած ազատության զինվորներից մեկը․ Արայիկ Հարությունյան

Հպարտ եմ, որ եղել եմ Շուշին վերջնականապես մերը դարձրած ազատության զինվորներից մեկը․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Եռատոնին նվիրված իր շնորհավորական խոսքում նշել է, որ ԱՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքը մայիսի 21-ին ժողովրդին կուղղի պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Եռատոնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իրենում ամփոփում է մեր համազգային հաղթանակների ու խաղաղության, մեր արժանապատիվ գոյության համար ամենաթանկ հատուցումը՝ հազարավոր անմեղ կյանքեր: Այսօր իմ գլուխն եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման մարտում փառավոր հաղթանակ կերտած մեր ժողովրդի քաջարի զավակների թողած անուրանալի ավանդի առաջ: Հպարտ եմ, որ եղել եմ հայոց բերդաքաղաք Շուշին վերջնականապես մերը դարձրած ազատության զինվորներից մեկը, որտեղ հերոսի մահով ընկան լավագույնները. հազա՜ր փառք բոլոր նահատակներին:

Սրտագին շնորհավորանքներս մեր միասնական հայրենիքի սահմաններն անառիկ պահողին եւ տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորին՝ Պաշտպանության բանակին ու նրա ողջ անձնակազմին՝ բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայրենիքում եւ Սփյուռքում ապրող սիրելի՛ հայություն

Այս պարտավորեցնող պահին հայտարարում եմ, որ, ի նշանավորումն հայ ժողովրդի տարած հաղթանակների, մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքս ժողովրդիս կհղեմ պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ:

Փա ՜ռք հայ ժողովրդին:
Կեցցե ՜ ն նրա հերոսական զավակները»,-գրել է Հարությունյանը: