կարևոր
1373 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-08 22:50

Հայաստանը դեռ կարողանում է հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը դեռ կարողանում է հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը․ Նիկոլ Փաշինյան

Ներկայումս Հայաստանի կառավարությունն ընդունել է 17 հակաճգնաժամային միջոցառում և ավելի քան մեկ միլիոն մարդու աջակցություն է տրամադրել։ «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կատարվում Հայաստանի տնտեսության հետ և ինչպե՞ս են իշխանությունները օգնում մարդկանց:

«Մինչև կորոնավիրուսը մենք ունեցել ենք տնտեսական աճի շատ բարձր տեմպեր: 2019 թվականին արձանագրեցինք ՀՆԱ-ի 7,6 տոկոսի աճ: 2020 թվականի առաջին երկու ամիսների արդյունքներով մենք ունեցել ենք 8,4 տոկոսի աճ: Իհարկե, կորոնավիրուսային համաճարակը հարվածեց մեր տնտեսությանը, և մենք արդեն աշխատում ենք հակաճգնաժամային միջոցառումների վրա: Ներկայումս Հայաստանի կառավարությունն ընդունել է 17 հակաճգնաժամային միջոցառում: Ավելի քան մեկ միլիոն ՀՀ բնակիչ արդեն ստացել է հակաճգնաժամային աջակցություն, այս կամ այն մակարդակի օժանդակություն: Կարծում եմ, որ մենք դեռ կարողանում ենք հաղթահարել այս ճգնաժամը»,-ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում որոշակի սոցիալական լարվածություն կա, բայց Կառավարությանը դեռ հաջողվում է խուսափել սոցիալական ճգնաժամից։

«Ինչու եմ ասում «դեռ», քանի որ ոչ ոք չգիտի, թե որքան կտևի այս ամբողջ իրավիճակը: Ըստ իմ գնահատականների, առնվազն մեկ տարի մենք ապրելու ենք կորոնավիրուսով, համաճարակային իրավիճակով: Ակնհայտ է, որ մենք ՝ համաշխարհային տնտեսությունը, արդեն մտել ենք անկման փուլ: Պետք է շատ աշխատանք կատարել, որպեսզի տնտեսական ճգնաժամը չվերածվի մարդասիրական ճգնաժամի: Վստահ եմ, որ մենք կկարողանանք հասնել դրան»,-ընդգծել է Փաշինյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս են ԱՊՀ երկրները պայքարում համաճարակի դեմ, ՀՀ վարչապետը ասել է, որ ԱՊՀ երակներում նույն իրավիճակն է։

«Կորոնավիրուսը ավելի վաղ հայտնվեց մի երկրում, ավելի ուշ՝ մեկ այլ երկրում, բայց ընդհանուր առմամբ մենք ունենք շատ նման իրավիճակներ: Չեմ կարծում, որ ԱՊՀ-ում և ընդհանրապես աշխարհում կան երկրներ, որոնք շատ ակնհայտ հաջողություններ և շատ ակնհայտ անհաջողություններ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում: Դա դեռ կախված է տեղական նրբություններից: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք ունենք նույն իրավիճակը»,-եզրափակել է Փաշինյանը։