կարևոր
1318 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-08 18:13

Խորհրդարանը քննարկեց սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան

Խորհրդարանը քննարկեց սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան

Հայաստանում 2019-ի առաջին կիսամյակում քննվել է երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների 51 գործ: Այս մասին ԱԺ մայիսի 8-ի նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ ներկայացնելով  «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը:

Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2010 թվականին:  «Կոնվենցիան համալիր միջազգային գործիք է՝  ուղղված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունները կանխարգելելուն, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականցնելուն, իրազեկմանն ու համագործակցությանը:  Կոնվենցիայի անդամակցող պետությունները պարտավորվում են ապահովելու կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն»,-ասաց Գրիգորյանը:

Փոխնախարարը ներկայացրեց վերջին 3 տարվա ազգային վիճակագրությունը: 2017-ին Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 265 գործ, որից 101-ը եղել են սեռական բնույթի: 2018-ին քննված գործերի քանակաը եղել է 317, որից 76-ն է եղել սեռական բնույթի: Իսկ 2019-ի միայն առաջին կիսամյակի տվյալներով 209 քրեական գործ է եղել, որից միայն 51-ն են եղել սեռական բնույթի գործեր:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, դատապարտելով երեխաների դեմ ուղղված հանցագործությունները, կոնվենցիայի որոշ դրույթներ, սակայն, համարեց խնդրահարույց: Պատգամավորն առաջարկեց քրեական օրենսգրքում խստացնել երեխաների իրավունքների և լավագույն շահերի դեմ ուղղված հանցագործությունների համար պատժելիությունը, արմատապես վերանայել քրեական քաղաաքականությունը: