կարևոր
1707 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-08 16:10

Նրանք մեզ ուզում են դարձնել իրենց պադյեզդներում ծեծողներ. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը համարում է ԼՀԿ-ի կողմից սադրանքի արդյունք, սակայն  դատապարտում է իր քաղաքական ուժին՝ այդ սադրանքին տրվելու համար, այն համարում է հեղափոխությունից հետո իրենց ուժի ամենամեծ պարտությունը։ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում իր ելույթում: 

«Ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով: Ուզում եմ ընդգծել՝ բռնությունը՝ իր բոլոր դրսևորումներով, որովհետև բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բարոյական, բռնությունը լինում է հոգեբանական: Եվ պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում այս խորհրդարանական մեծամասնությունը և այս կառավարությունը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում են բարոյական և հոգեբանական բռնությունների»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝ դա հասնում է ընդհուպ մեծամասնության կին պատգամավորներին բռնաբարելու սպառնալիքների, նրանց երեխաներին փողոցում ծեծելու սպառնալիքի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վերաբերյալ ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկությունների տարածման:

Վարչապետը վստահ է՝ այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել, քայքայել քաղաքական մեծամասնությանը, և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը: Նա հիշեցրեց՝ երեկ՝ մայիսի 7-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իրեն հրավիրել է սուրճ խմելու, ինքն ընդունել է այդ հրավերը: «Եվ ես ուղիղ ասել եմ, որ մենք բոլորս ունենք հիմքեր՝ կասկածելու, որ Դուք և Ձեր գործունեությունը՝ այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները, ի վերջո ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժանելի մասն էին»,-նշեց նա։

Վարչապետը մի քանի անգամ դիտել է միջադեպի տեսագրությունը, ներողություն խնդրեց, որ մտնում է մանրամասների մեջ, սակայն նկատեց՝ միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել ամբիոնից առաջ գտնվող տարածքում: «Հարց, իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողն այնտեղ կանգնած: Եվ, երբ որ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում, քաղաքական երկխոսություն ծավալելու՞: Կամ որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, շարժվել էր, որ նա վրդովմունքն իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու այս դահլիճից: Տեղի ունեցածն այլ կերպ, քան սադրանք, քստմնելի սադրանք, ես չեմ կարող, կներեք, անվանել, մանավանդ այդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո: Սակայն դատապարտում եմ նաև այն, որ մենք տրվում ենք սադրանքների: Իմ եղբորը, իմ ընկերոջը ես դատապարտում եմ, որովհետև մենք իրավունք չունենք տրվելու սադրանքների»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝ իրենց անընդհատ, ամեն օր ուզում են շեղել իրենց արժեքներից:

Վարչապետի կարծիքով՝ նրանք ուզում են այս իշխանության ներկայացուցիչներին դարձնել շքամուտքերում մարդկանց ծեծողներ, ուզում են հավասարակշռությունից հանել: 

«Ես դատապարտում  եմ մեզ, ես դատապարտում եմ ինձ: Եվ այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ունեցած ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո: Սակայն սա թող որևէ մեկին հուսավառ չանի: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս ու տեսել քմծիծաղը ստի, բայց իմ կամքն ամուր է քարից, իմ ոգին հանձնվել չգիտի»,-ասաց Փաշինյանը՝ մեջբերելով տողեր իր հեղինակած բանաստեղծությունից։

Նա կարծիք հայտնեց՝ ընդդիմության վարքագիծը կապ ունի Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հետ, կապ ունի բազմապիսի քրեական գործերի հետ: 

Նա միևնույն ժամանակ նկատեց, որ բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, այլ հոգեբանական բռնության է ենթարկվում նաև հանրությունը: «Բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, և այդ միջադեպը այլևս երբեք չպետք է կրկնվի: Երկրում տեղի է ունեցել մասշտաբային փոփոխություն: Բայց այդ մասշտաբային փոփոխության ընթացքում այդպիսի միջադեպեր չեն եղել, բռնության դրսևորում որևէ մեկի նկատմամբ չի եղել: Եվ միակ բռնության դրսևորման հեղինակը մեր քաղաքական թիմից եղել է նույն մարդը՝ Սասուն Միքայելյանը, որը պլաստիկե շիշն ուղղորդել է դեպի Լևոն Երանոսյանը»,-նկատեց վարչապետը: