կարևոր
1268 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-08 16:41

Կհիմնանորոգվեն Սեւան քաղաքի Նալբանդյան եւ Գրիբոեդով փողոցները

Կհիմնանորոգվեն Սեւան քաղաքի Նալբանդյան եւ Գրիբոեդով փողոցները

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հաստատվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Սեւան համայնքի Գրիբոեդով եւ Նալբանդյան փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում» ծրագիրը: Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 104 միլիոն 39 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 62 միլիոն 423 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 41 միլիոն 615 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը: Գրիբոեդովի փողոցում հիմնանորոգումը կիրականացվի 546, Նալբանդյանի փողոցում՝ 1 230 գծամետր երկարությամբ: «Գրիբոյեդովի փողոցում կիրականացվի 4 578, Նալբանդյանի  փողոցում՝ 5 322 քառակուսի մետր մակերես ընդգրկող ասֆալտապատում: Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ՝ նույն փողոցներում նախատեսված են  եզրաքարերի քանդման եւ վերատեղադրման, անհրաժեշտության դեպքում նոր բազալտե եզրաքարերի տեղադրման, դիտահորերի երկաթբետոնե ծածկի սալերի բարձրացման կամ իջեցման, անհրաժեշտության դեպքում նորերի տեղադրման, անձրեւաընդունիչների բարձրացման կամ իջեցման, ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերին»,-նշել է Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: