ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո իշխող կուսակցությունը նախ՝ վարչության, այնուհետև՝ խմբակցության նիստ հրավիրեց՝ քննարկելու տեղի ունեցածը:
Երկու նիստերից առաջ «Իմ քայլի» պատգամավորները հրաժարվել են տեղի ունեցածի հետ կապված որևէ մեկնաբանություն տալ` նշելով, որ խմբակցության ղեկավարը հանդես կգա հայտարարությամբ: Իր հերթին, խմբակցության նիստից հետո, Լիլիթ Մակունցը հրաժարվել պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ նիստերի դահլիճում հանդես կգա հայտարարությամբ:
Նիստի ավարտից հետո 168․am-ի լրագրողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանից հետաքրքրվել է՝ հարվածե՞լ է Էդմոն Մարուքյանին, թե՞ ոչ:
Նա բացասական պատասխան է տվել. «Ոչ, չեմ հարվածել»:
Նույն պատասխանը տվել է նաև իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանն անձամբ էր հայտարարել, որ իրեն մեջքից հարվածել են, իսկ ֆիքսած կադրերը ցույց էին տալիս, որ նրան հարվածել են Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը:
Այս միջադեպը տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ փորձում էր կողմերին բաժանել: