կարևոր
853 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-08 14:59

Քոչարյանի գործով դատական նիստին ներկայացան Հայաստանի և Արցախի նախկին վարչապետները

Քոչարյանի գործով դատական նիստին ներկայացան Հայաստանի և Արցախի նախկին վարչապետները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ներկա են Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, ովքեր Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ են ներկայացնելու։ Դատավոր Դանիբեկյանը ճշտում է նախկին վարչապետների անձնական տվյալները։

Դատարանը նաև ներկայացրեց, թե անձնական երաշխավորություն ստանձնելիս նրանք ինչ պարտավորություններ ունեն։

Ավելի վաղ, Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը և ՀՀ ու Արցախի նախկին վարչապետների դիմումները։

Նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր:

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։