կարևոր
1663 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-08 13:13

Բարձրաստիճան այրերը մայիսի 9-ին ծաղիկներ կդնեն «Մայր Հայաստան» արձանի պատվանդանին

Բարձրաստիճան այրերը մայիսի 9-ին ծաղիկներ կդնեն «Մայր Հայաստան» արձանի պատվանդանին

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 79-ամյակի կապակցությամբ Հաղթանակի զբոսայգում մայիսի 9-ին ազգաբնակչությանն անակնկալ կմատուցվի։

Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Մայիսի 9-ին ժամը 10։30-11։00-ն տեղի է ունենալու ՀՀ բարձրաստիճան այրերի այցը Հաղթանակի զբոսայգի, որտեղ «Մայր Հայաստան» արձանի մոտ կտեղադրեն ծաղկեպսակներ։ Այդ արարողությունից հետո կազմակերպվել է նաև Հայրենական մեծ պատերազմի մի քանի վետերանի այց Հաղթանակի զբոսայգի՝ նրանց մեծարելու համար»,- նշեց Բալայանը։

Նրա խոսքով՝ այդ օրվա խորհուրդն առաջին հերթին վետերաններն են, և բոլորը պետք է իրենց երախտագիտությունն ու շնորհակալություն հայտնեն նրանց իրենց կատարած սխրանքների համար։

«Մեր ազգաբնակչությանն այդ օրը սպասում է անակնկալ, սակայն դեռևս չեմ բացահայտի, քանի որ որոշ պայմաններ կան, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի մատուցել այդ անակնկալը»,- ասաց ՊՆ փոխնախարարը։

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են:

Պարետի ցուցումով մայիսի 8-ի՝ ժամը 7-ից մինչև մայիսի 9-ի՝ ժամը 23:59-ը «Եռաբլուր» պանթեոնում մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով կտեղակայվեն ոստիկանական վերակարգեր։