կարևոր
1436 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-08 09:54

Ադրբեջանը փորձ արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակը ծառայեցնելու իր թշնամական քարոզչությանը․ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանը փորձ արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակը ծառայեցնելու իր թշնամական քարոզչությանը․ ԱԳՆ խոսնակ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ արված մեկնաբանություններին․

«Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակը լավ առիթ է՝ վերհիշելու և հարգանքի տուրք մատուցելու համաշխարհային չարիքի դեմ պայքարի ելած և հաղթանակած բոլոր ժողովուրդների զոհողությանը և միասնությանը:

Համոզված ենք, որ պատմական հիշողությունը մարդկային արժանապատվության կարևորագույն արժեքն է, իսկ այդ պատմական հիշողության կեղծումը և այն նեղ քաղաքական շահերին ծառայեցնելու փորձերը վկայում են, որ դրանց հեղինակները չունեն ոչ պատմության, ոչ արժանապատվության և ոչ էլ հիշողության զգացում:

Ցավով պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձ արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակը ծառայեցնելու հայ ժողովրդի հանդեպ տասնամյակներ վարվող իր թշնամական քարոզչությանը:

Հայ ժողովրդի ներդրումը երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակի գործում ոսկե տառերով է գրված համաշխարհային պատմության էջերին:

Մենք հպարտությամբ ենք հիշում բոլոր հերոս հայորդիների անունները՝ թե՛ Կարմիր բանակի և դրա ազգային դիվիզիաների, թե՛ հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների բանակներում, թե՛ դիմադրության շարժման և թե՛ հետախուզության շարքերում: Իրենց նվիրմամբ և խիզախությամբ նրանք արժանի եղան իրենց նախնինների և ազգային հերոսների, այդ թվում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փառքով պսակված մարտիկների հիշատակին:

Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում պետության պահպանության և խնամքի ներքո գտնվում են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների շուրջ վեց հարյուր հուշարձաններ: Հենց վերջիններս են հանդիսանում մեր միասնական հաղթանակի պատմության անխոս վկաները: Մենք դատապարտում ենք հուշարձանների հանդեպ բոլոր ոտնձգությունները ոչ միայն խոսքով, այլև այն իրողությամբ, որ Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ համաշխարհային պատերազմի մարտիկներին նվիրված որևէ հուշարձան չի ենթարկվել ոտնձգության:

Այս տեսակետից Ադրբեջանի ղեկավարությանը պարզապես հարց եմ ցանկանում ուղղել, որի պատասխանը բոլորիս կողմից ակնկալվում է գործով. արդյոք երբ է վերականգնվելու Չարդախլու բնակավայրում Հայրենական մեծ պատերազմի հերոսների, այդ թվում խորհրդային մարշալներ Հովհաննես Բաղրամյանին և Համազասպ Բաբաջանյանին նվիրված հուշարձանները, որոնք ավերվել են Ադրբեջանի Հանրապետության շրջանում»: