Բուժելու նպատակով ազատությունից զրկելու համար արտակարգ դրությո՞ւն հայտարարենք, լո՞ւրջ այսպես եք մտածում։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
«Արտակարգ դրության հետագա անհրաժեշտության խնդրին չեմ անդրադառնում, պարզապես հարկ եմ համարում արձագանքել որոշ հանրային գործիչների այն դիրքորոշմանը, ըստ որի՝ իբր արտակարգ դրությունն անհրաժեշտ է այնպիսի սահմանափակումներ կիրառելու համար, ինչպիսիք են վիրուսակիր, կամ վիրուսակիր լինելու մեջ կասկածվող անձանց մեկուսացնելը։ Այն, որ այդ սահմանափակումն ուղղակի արդեն իսկ նախատեսված է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, և դրա կիրառումը պայմանավորված չէ արտակարգ դրությամբ, լրացուցիչ հիմնավորման կարիք չունի։ Բայց անհանգստացնողն այլ հարցադրում է. դիցուկ մեկ այլ իրավիճակում հայտնաբերվում է հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը նպաստող անձ, որը հրաժարվում է բուժումից, այդ դեպքում մենք պետք է իրեն հարկադրաբար մեկուսացնելու կամ ուղղակի բուժելու նպատակով ազատությունից զրկելու համար արտակարգ դրությո՞ւն հայտարարենք, լո՞ւրջ այսպես եք մտածում...»,-գրել է Դանիելյանը։