ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի մատնանշում է մի շարք ոլորտներ՝ մասնավորապես գյուղատնտեսությունը, որի մասով կառավարությունը, իր կարծիքով, նախորդ տարում բացթողումներ է ունեցել: Գորգիսյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի վերաբերյալ քննարկմանը:
Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ, երբ քննարկվում էր կառավարության ծրագիրը, իրենց խմբակցությունը խնդիրներ էր բարձրաձայնում: «Դրանց արդյունքը այսօր տեսնում ենք: Մասնավորապես ասում էինք, որ որոշ ռազմավարական նշանակության ոլորտների մասին գրեթե 0 նշում կա կառավարության ծրագրում, օրինակ ավիացիայի զարգացման կամ տեղական ավիաընկերություն ունենալու, երկաթգծի զարգացման և դրա հեռանկարների, կառավարության կառուցվածքի հետ կապված, ուժային և ոչ միայն ուժային կառույցներում բարեփոխումների հետ կապված: Ասում էինք, որ ծրագրում չկան կոնկրետ չափելի թվեր, չափելի մոտեցումներ և ձևակերպումներ: Այսօր գալիս ենք այդ ամենի արդյունքները փաստելու: Քաղավիացիայի ոլորտում, ակնհայտ է, որ ունենք լրջագույն ձախողում»,-ասաց Գորգիսյանը:
Նա հիշեց՝ երկաթգծի հետ կապված դեռ 2018-ին հայտարարվեց 60 մլն դոլարի չարաշահումների մասին, կա հարուցված քրեական գործ, սակայն մինչև այսօր որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, և տեսլական չկա, թե այդ ոլորտը դեպի ուր է գնալու:
Պատգամավորն անդրադարձավ կառավարության ծրագրում մեկ այլ դրույթի, որը կոչվում էր պարենային անվտանգության խնդիր: «Ես իմ ելույթում նախորդ տարի նշեցի, որ կա պարենային անվտանգությունը գրված, բայց գյուղատնտեսական ոլորտում ռեֆորմների որևէ ծրագիր չկա, և այսօր կրկին դրա առաջ ենք կանգնել: Այսօր գյուղատնտեսության ոլորտում այն աջակցության ծրագրերը, որոնք կառավարությունը նախատեսել է, թիրախային չեն: Եվ բազմաթիվ դեպքեր ունենք, որ մարդիկ վերցնում են այդ 0 տոկոսով վարկերը, փակում այլ վարկեր: Հերթական անգամ, չունենալով ոլորտի զարգացման ռազմավարություն, տեսլական, թե ուր պետք է գնալ, կառավարությունը չի կարողացել ճիշտ թիրախային ուղղությունով ուղղել այն գումարները»,-ասաց Գորգիսյանն ու նշեց՝ գյուղատնտեսական ոլորտի աջակցության ծրագիրը լրջագույն խնդիրներ ունի, շատերն անվարկունակ են: