2020 թվականի մարտ, ապրիլ ամիսներին ու մինչև մայիսի 6-ը ներառյալ կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 2333 մարդ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Շտապօգնություն ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Խոսքն այն հիվանդների մասին է, որոնք ունեն սուր շնչառական խնդիրներ, թոքաբորբ: Մենք կորոնավիրուսի նախնական ախտորոշում չենք անում, ուստի պարզելու համար, թե նրանցից քանիսն են կորոնավիրուսով հիվանդ, քանիսը ոչ, պետք է թեստավորում անցկացվի»,-նշել է Ստեփանյանը:
Նա ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի շտապբուժօգնության ծառայությունում անվտանգության պարագաների, համազգեստի խնդիր չկա, և աշխատակիցները պաշտպանված են:
Ստեփանյանը նշել է, որ շտապօգնության ծառայությունում եղել են տարիքային առումով ռիսկային գոտում գտնվող բժիշկներ և բուժքույրեր, ինչպես նաև վարորդներ, որոնք հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ: «Մենք ըմբռնումով ենք մոտեցել հարցին, քանի որ այդ աշխատակիցները 50-անց են: Նրանցից շատերն արձակուրդ են ձևակերպել»,-ասել է Թագուհի Ստեփանյանն ու հավելել, որ կա բուժաշխատողների մեծ բանակ, որը չի վախենում ստեղծված իրավիճակից և շատ պատրաստակամ է:
Հայաստանում մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 28 017 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 102 նոր դեպք և 50 առողջացած։