կարևոր
1354 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 15:25

Արարատ Միրզոյանը խորհուրդ է տվել Նժդեհի մասին խոսելուց առաջ պատմություն ուսումնասիրել

Արարատ Միրզոյանը խորհուրդ է տվել Նժդեհի մասին խոսելուց առաջ պատմություն ուսումնասիրել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ անդրադարձել է մեծ հայորդի Գարեգին Նժդեհի գործունեությանը, կոչ արել նրա մասին խոսելուց առաջ ավելի լավ ուսումնասիրել պատմությունը։

Նա նշել է, որ տեղին չի համարում նացիստների ու Գարեգին Նժդեհի միջև զուգահեռներ անցկացնելը: Միրզոյանը հորդորել է գործընկերներին մանրամասն ծանոթանալ Գարեգին Նժդեհի կենսագրությանը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին նշել էր, որ Հայաստանն աջակցում է ցանկացած կառուցողական քայլերի, որոնք ուղղված են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը և հանդես է գալիս ընդդեմ սուբյեկտիվ մեկնաբանությունների: Կարծում ենք տեղին չէ զուգահեռներ անցկացնելը նացիստների ու Գարեգին Նժդեհի միջև: Կոչ ենք անում գործընկերներին մանրամասն ծանոթանալ Նժդեհի կենսագրությանը և հասկանալ նրա կարևորությունը հայ ժողովրդի համար»,-նշել է Արարատ Միրզոյանը: 

ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, քաղաքական գործիչ է և Հայաստանի հերոս, որն իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի ազատության ու անկախության համար պայքարին: Բալկանյան պատերազմի ժամանակ՝ 20-րդ դարի սկզբին, բուլղարական բանակի կազմում նա պայքարել է ընդդեմ թուրքական օկուպացիայի, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ռուսական բանակի կազմում է պայքարել, ինչի համար արժանացել է բազմաթիվ պարգևների (Գեորգիևյան խաչի ցարական բանակի կողմից): 

Արարատ Միրզոյանը նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհի հիմնական նպատակն է եղել կանխել Թուրքիայի հնարավոր ներխուժումը Սովետական Հայաստան  գերմանացիների կողմից Անդրկովկասը գրավելու դեպքում: 

Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսի ընթացքում ՀՀ ԱԺ խոսնակը խոսել է նաև այդ պատերազմում հայ ժողովրդի հերոսական մասնակցության մասին։ Նժդեհի մասին անընդունելի հայտարարությունները հնչեցրել էր ադրբեջանցի խոսնակը։