կարևոր
1514 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 14:21

ՀՀ ԱԳ նախարարի պատասխաններն պատգամավորների հարցերին Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում

ՀՀ ԱԳ նախարարի պատասխաններն պատգամավորների հարցերին Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում

ՀՀ ԱԳ նախարարի պատասխաններն ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում.

Արկադի Խաչատրյան. Որքան հասկացա` այսօր հարցուպատասպանի ամենամեծ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից է արտաքին հարաբերությունները: Ես չեմ ուզում հարցս ուղղել Ռուսաստանի ԱԳ նախարարի ապրիլի 21-ի հայտնի բուն հայտարարության վերաբերյալ, որը վերաբերում էր, ըստ էության, Արցախյան հակամարտության փուլային տարբերակով կարգավորման ինչ-որ փաստաթղթի քննարկմանը, բայց ես անպայմանորեն ուզում եմ անդրադառնալ  այդ հայտարարության ենթատեքստին և դրա մասով ունեմ մի քանի հարցադրում. ինչու՞, այդուհանդերձ, Ռուսաստանի ԱԳ նախարարն արեց նման հայտարարություն, ինչու՞ հիմա դա արվեց, արդյո՞ք այն չի պարունակում կոնկրետ հաղորդագրություններ կամ մեսիջներ, եթե՝ այո, ապա ու՞մ են ուղղված այդ մեսիջները: Արդյո՞ք որևէ կապ եք տեսնում այդ հայտարարության և, օրինակ, ռուսական ընկերությունների մասնակցությամբ քրեական գործերի հետ կապված կամ որևիցե ա՞յլ կապ տեսնում եք: Բայց ակնհայտ է, որ սա որոշակի քաղաքական քայլ է, որի ենթատեքստն է ինձ շատ հետաքրքրում:  

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն, պարո՛ն Խաչատյան: Իրապես, բավական երկար մենք քննարկում ենք այս հարցերը: Վստահաբար, չեք սպասում, որ մենք ընկնելու ենք այս հարթակում վերլուծությունների և դավադրությունների տեսությունների մեջ: 

Մենք ունենք հայ-ռուսական հարաբերություններ, որոնք բավական հագեցած են իրենց օրակարգով, ունեն պատմություն, հիմնվում են հիմնավոր դաշնակցային հարաբերությունների այն բոլոր սկզբունքների վրա, որոնք արտահայտված են մեր բազմաթիվ իրավական փաստաթղթերում, ունեն շատ կիրառական արտահայտություն: Այդ հարաբերությունները վերաբերում են բազմաթիվ բնագավառների՝ անվտանգային բնագավառից մինչև կրթական, մշակութային, տնտեսական և այլն: 

Մեր կառավարությունը բազմիցս ասել է և հայտարարել է, որ այդ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը, և այդ ոգու մեջ մենք շարունակում ենք աշխատել ՌԴ մեր գործընկերների հետ:

Մենք արդեն անդրադարձել ենք այս հարցերին, նաև երկու օր առաջ, և նորից եմ կրկնում՝ եթե մենք չունենք հարցեր, ուրեմն ավելի խորքային հարց կա: Բնականաբար, մենք ունենք հարցեր՝ մեր կողմից, ՌԴ կողմից, ինչպես որ մենք ունենք հարցեր մնացած գործընկերների հետ: Բայց պետք չէ այդ ամենը դրամա դարձնել: 

Մենք ունենք միմյանց հետ աշխատելու բազմաթիվ հարթակներ՝ բարձրագույն մակարդակից մինչև բազմաթիվ աշխատանքային խմբեր և այլն: Եվ բոլոր այդ հարթակներում մենք աշխատում ենք այդ օրակարգի բոլոր հարցերի շուրջ: Դա հարաբերություններ են, որ ոչ անպայման պետք է սկսեն և վերջանան կենացներով: Բնականաբար, յուրաքանչյուրն ունի իր գերակայությունը, ունի իր հարցերը: Բայց սրանք համագործակցային, դաշնակցային հարաբերություններ են: Եվ այդպես էլ աշխատելու ենք և աշխատում ենք՝ որպես երկու հավասարազոր, գործընկեր, բարեկամ, դաշնակից պետություններ, որոնք կառուցում են հարաբերություններ երկու ժողովուրդների միջև, որոնք իրար ճանաչում են, իրար հետ ունեն խորը բարեկամական հարաբերություններ, և այդպես էլ շարունակվելու է: 

Արկադի Խաչատրյան. Շնորհակալ եմ, պարո՛ն Մնացականյան: Բնականաբար, ես բարձր եմ գնահատում Ձեր դիվանագիտական պատասխանը. որևէ մեկը կասկածի տակ չի առնում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Այդուհանդերձ, հարցիս հիմնական բովանդակությունը դրա ենթատեքստն էր. արդյո՞ք այն հաղորդագրությունները, որ տրված են այդ հարցադրման կամ հայտարարության մեջ, արդյո՞ք դրա մասին պետք է խոսել այս ամբիոնից և ներկայացնել Ձեր տեսակետները, կարծիքն այդ առումով, ու՞մ է ուղղված այդ հաղորդագրությունը՝ հայկական կողմի՞ն, կոնկրետ կապ տեսնու՞մ եք այդ գործերի հետ թե ոչ, թե՞ այդուհանդերձ այդ մասին չենք ուզում խոսել:

Զոհրաբ Մնացականյան. Եթե ցանկանում եք, մենք կարող ենք մանրամասն շարունակել վերլուծել, թե այդ հայտարարությունն ում էր ուղղված․ հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից, և պատասխանն ուղղված էր ադրբեջանական աղբյուրին։ Շնորհակալություն։