կարևոր
847 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-07 13:17

Բոլոր քրեակատարողական հիմնարկներում ամռանը ներդրված կլինի սննդի ապահովման նոր համակարգը

Բոլոր քրեակատարողական հիմնարկներում ամռանը ներդրված կլինի սննդի ապահովման նոր համակարգը

Հայաստանում սննդի ապահովման նոր համակարգը գործում է 12 քրեակատարողական հիմնարկներից դեռ միայն 9-ում, ամռանը համակարգը ներդրված կլինի բոլորում: Այս մասին ԱԺ-ում ասաց  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:

Սամսոնյանը հետաքրքրվեց, թե  ո՞ր 9 քրեակատարողական հիմնարկներում է սննդի սպասարկումն իրականացվում մասնավորի կողմից:

Նախարարն արձագանքեց՝ Արմավիր, Նուբարաշեն, Աբովյան, Գորիս և այլն: «12-ից 9-ում արդեն ներդրված է: Ամառվա ընթացքում բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում սննդի ապահովման նոր համակարգը ներդրված կլինի»,-վստահեցրեց Բադասյանը:

Անդրադառնալով Սամսոնյանի մյուս հարցին, թե ինչ փուլում են երկու քրեակատարողական հիմնարկների փակման աշխատանքները՝ Բադասյանն ասաց, որ դրանց փակման մասով նախարարության կողմից ներկայացված է միջնաժամկետ ծախսային ծրագրով համապատասխան գործողություններ կատարելու հայտը և քննարկվում է կառավարությունում: «Ինչպես նախատեսված է ռազմավարությամբ՝  այդ ուղղությամբ էլ գնում ենք, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի փոխարեն կառուցվի նոր ՔԿՀ՝ ժամանակակից պայմաններով»,-նշեց նախարարը:

Այն հիմնարկներում, որտեղ ներդրվել է սննդի ապահովման նոր համակարգը, դատապարտյալների և կալանավորված անձանց համար տրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր կազմակերպությանը: Դատապարտյալներին օրական տվող սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք: