կարևոր
1188 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 12:24

Ապօրինի գույքի բռնագանձման օրենք, հակակառուպցիոն ռազավարություն. Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել

Ապօրինի գույքի բռնագանձման օրենք, հակակառուպցիոն ռազավարություն. Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել

Հայաստանում կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար 2019-ին ձեռնարկվել են մի խումբ միջոցառումներ, որոնք շարունակվում են նաև 2020-ին, դրանցից են ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի մշակումն ու ընդունումը, իրական սեփականատերերի հայտարարագրման ինստիտուտի ներդրումը և այլն:

Այս մասին ԱԺ-ում կառավարության 2019 թվականին ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս, ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«2019-ի հոկտեմբերին լայնամասշտաբ հանրային քննարկումներից, ներառական քննարկումներից և միջազգային փորձաքննություններից հետո կառավարությունը հաստատել է հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը: Կառավարության այս ռազմավարությամբ հիմնական խնդիրը, որ լուծվել է, ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն մարմինների շրջանակի ստեղծման նախատեսումն է և այդ առումով գործողությունների հաջորդականությունը»,-ասաց Բադասյանը:

Նա հիշեցրեց՝ արդեն ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Դեռ նախատեսվում է 2021-ին ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, որը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության գործառույթ պետք է ունենա, Գլխավոր դատախազության կազմում հակակոռուպցիոն հատուկ ստորաբաժանում և հակակոռուպցիոն դատարան: Հաջորդ խումբ միջոցառումներն ուղղված են եղել կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, մասնավորապես, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման նպատակով ներդրվել են համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ: Ներդրվել է շահերի բախման հայտարարագրի ինստիտուտը:

Նախարարը հիշեցրեց նաև իրական սեփականատերերի հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին: Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության հաջորդ ուղղությունը եղել է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավմանն ուղղված գործիքակազմերի ստեղծումը, մշակվել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, և ընդունվել  ԱԺ-ի կողմից:

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում ազդարարների ինստիտուտի դերը կարևորելով՝ 2019 թվականին մայիսի 21-ին գործարկվել է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը: Բադասյանը նշեց նաև, որ «Transparency international»  կոռուպցիայի ընկալման համաթիվ 2019 թվականի զեկույցով արձանագրվել է, որ Հայաստանն իր դիրքերը նախորդ տարվա համեմատությամբ բարելավել է միանգամից 28 հորիզոնականով, ընդ որում կոռուպցիայի ընկալման համաթվի միավորը 1 տարվա ընթացքում բարձրացվել է 7-ով: Սա Հայաստանի պատմության մեջ բացառիկ ցուցանիշ է: