կարևոր
1321 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-06 19:35

Փաշինյանը վստահեցրեց՝ ծրագրերի շահառու չհանդիսացող, սակայն գումար ստացած անձինք կվերադարձնեն այն

Փաշինյանը վստահեցրեց՝ ծրագրերի շահառու չհանդիսացող, սակայն գումար ստացած անձինք կվերադարձնեն այն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտեց այն հանգամանքը, որ մի շարք գաղտնի ծառայություններում աշխատողներ, որոնք արձանագրված չեն ընդհանուր բազայում, օգտվել են առիթից և աջակցության որևէ ծրագրով գումար ստացել․ նրանք օր առաջ կվերադարձնեն այդ գումարները: Այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ 9-րդ ծրագրի շրջանակում դիմել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրականում աշխատում են ԱԻՆ-ում, ՊՆ-ում, ոստիկանությունում և  ստացել են գումարները: Նա հետաքրքրվեց, թե խնդիրն ինչպես պետք է լուծվի:

«Այդ գումարները պետք է վերադարձվեն, քանի որ դրանք նախատեսված էին բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար: Ծառայության որոշ տեսակներ կան, որոնք գաղտնի են և դրանք չեն արձանագրված ընդհանուր բազաներում, ցավոք սողանցք են դարձել: Շատ ցավալի է, որ սոցիալական անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են ոչ այդ խավին: Եվ այդ գումարները պետք է վերադարձվեն, ավելին՝ պետք է ծառայողական քննություններ նշանակվեն, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել»,-ասաց Փաշինյանն ու որակեց շատ վատ երևույթ այն, որ Հայաստանում այս ճգնաժամային պայմաններում առաջնորդվում են այդ տրամաբանությամբ:

Փաշինյանը վստահեցրեց՝ այդ գումարները մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվեն: «Գաղտնի ծառայություն իրականացնող մարդկանց պետք է ասենք՝ վերադարձրեք գումարը, քանի որ դա ձեր գումարները չեն»,-նշեց նա:

Կառավարությունը մշակել և հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 16 ծրագիր: Դրանք աջակցություն են նախատեսում ինչպես բիզնեսին, այնպես էլ անհատների: 9-րդ ծրագրի շահառու են այն անչափահաս երեխա ունեցող քաղաքացիները, որոնք չեն աշխատում կամ չգրանցված աշխատող են: