կարևոր
939 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-06 17:40

ԱԱՏՄ-ն սահմանային անցակետերից հոսպիտալացրել է 217 անձ

ԱԱՏՄ-ն սահմանային անցակետերից հոսպիտալացրել է 217 անձ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սահմանային հսկիչ կետերում մայիսի 6-ի դրությամբ լրացրել է 23 հազար 311 ուղևորների համար մեկուսացման և ինքնամեկուսացման ծանուցագիր։ Մայիսի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը հիշեցրեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տեսչական մարմինը 2020 թվականի հունվարի 24-ից սահմանային հսկիչ կետերում աշխատում է ուժեղացված ռեժիմով։

«Մինչ այժմ լրացվել է 47 հազար 483 ուղևորների համար հասցեական քարտեր, այնուհետև երբ հասցեական քարտերը փոխարինվեցին ինքնամեկուսացման և մեկուսացման ծանուցագրերի, լրացվել են և ծանուցվել  23 հազար 311 ուղևորներ , ովքեր գնացել են ինքնամեկուսացման, իսկ Առողջապահության նախարարության և մարզպետարանների աշխատակիցների հետ համատեղ իրականացվել է 2509 ուղևորների մեկուսացումը»,- ասաց Ավագյանը։

ԱԱՏՄ ղեկավարի խոսքով՝ այդ աշխատանքներին զուգահեռ կազմակերպվել է քաղաքացիների հոսպիտալացումը։

«Եթե ժամանող ուղևորի մոտ առկա են լինում ախտանիշներ, ապա տեղի է ունենում անմիջապես հոսպիտալացում հենց մեր սահմանային հսկիչ կետերից։ Սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվածների թիվը այս պահի դրությամբ կազմում է 217»,- եզրափակեց Ավագյանը։