546 դիտում, 2020.05.06 17:38

Կոմիտեն առարկությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստում. Ավինյանը՝ քաղավիացիայի խնդիրների մասին

Կոմիտեն առարկությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստում. Ավինյանը՝ քաղավիացիայի խնդիրների մասին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հորդորում է սպասել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության՝ մայիսի 12-ի նիստի որոշմանը՝ կապված ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ճակատագրի հետ: Ավինյանն այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրել է, որ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը խնդիրներ էր հայտնաբերել: «Ըստ այդմ, շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը: Հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել»,-ասել է Գորգիսյանն ու հետաքրքրվեց, թե ինչ է արվում մայիսի 12-14-ին սև ցուցակում չհայտնվելու համար:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ պատգամավորի վկայակոչած  փաստաթուղթը նախնական եզրակացությունն է: «Մայիսի 12-ին կայանալու է նիստը, որի ընթացքում քննարկվելու է որոշումը, որի մասին դուք ճիշտ ներկայացնում ենք: Բազմիցս հարցը բարձրաձայնվել է, խոսքը չի գնում վերջին տարիների Քաղավիացիայի գործունեության մասին, այլ գնում է կոմիտեի՝ բազմաթիվ տարիների գործունեության մասին: Եվ, այո, միանշանակ եղել են թերացումներ: Եվ այդ թերացումները վերացնելու ուղղությամբ վերջին ժամանակահատվածում  իրականացվել են շատ կտրուկ գործողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել: Կոմիտեն  իր համապատասխան առարկությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստին: Դրանից հետո վերջնական որոշումը ստանալուց հետո կանենք որոշակի հետևություններ»,-ասել է Ավինյանը:

Ավինյանը հույս հայտնել է, որ քաղավիացիայի կոմիտեի զարգացման տեսանկյունից և, ընդհանուր առմամբ, ծառայության զարգացման տեսանկյունից դա դրական դեր է խաղալու: Նա չցանկացավ այս փուլում մանրամասներով կիսվել մայիսի 12-ի նիստի վերաբերյալ: Անդրադառնալով պատգամավորի նկատառմանը, որ հնարավոր է շուկան կորցնենք, ՀՀ փոխվարչապետն ասաց՝ այդ շուկան չենք ունեցել, որ կորցնենք: «Ընդհանուր առմամբ, այդ շուկա մտնելու համար նվազագույնը պետք է կարողություն ձևավորենք նախևառաջ Քաղավիացիայի կոմիտեում, երկրորդ հերթին՝ հայկական ավիաընկերություններում, որպեսզի կարողանանք եվրոպական, միջազգային ստանդարտներին  համապատասխանել: Սա է լինելու մեր նպատակը: Մենք այս ուղղությամբ ենք շարժվելու: Համոզված եմ, որ այս խնդիրը կարգավորվող է՝ անկախ մայիսի 12-ի որոշումից »,-նշել է փոխվարչապետը:

Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալությունը թերություններ էր հայտնաբերել Հայաստանի քաղավիացիայի աշխատանքում և ներկայացրել զեկույցում: