Ծարավ Աղբյուր փողոցի բազմաբնակարան շենքերի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Այստեղ նախատեսվում է ևս մեկ բազմաբնակարան շենք կառուցել, ինչը թաղամասի բնակիչների պնդմամբ, թույլատրելի չէ, քանի որ առանց այն էլ խիտ բնակեցված թաղամասում կանաչ տարածք չկա, ինչպես նաև չկա դպրոց և մանկապարտեզ։ Այս մասին գրում է Aysor.am-ը։
«1800 բնակարանից բաղկացած թաղամաս է, հագեցած է շենքերով։ Թաղամասը չունի կանաչապատ տարածքներ, այգիներ, երեխաների համար անհրաժեշտ գոտիներ։ Հիմա ևս մեկ բազմաբնակարան շենք է նախատեսվում կառուցել, որի համար կա նախագծման թույլտվություն քաղաքապետարանի կողմից, սակայն դեռևս չկա շինարարության թույլտվություն»,- խնդիրը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց թաղամասի համատիրության ներկայացուցիչներից մեկը։
Մի քանի օր առաջ թաղամասում շինարարական աշխատանքների ժամանակ վնասել են գազատար խողովակը, մի քանի ժամ բնակիչների գազամատակարարումը խաթարվել է, հետո վթարը վերացվել է։
«Բնակիչները շատ սուր են վերաբերվում այդ հարցին, և չեն համակերպվում մտքին, որ այստեղ ևս մեկ բազմաբնակարան շենք կառուցվի։ Թաղամասը կառուցվել է շինարարական նորմի խախտումներով, հանրակրթական դպրոց, մանկապարտեզ չկա»,- ասաց համատիրության ներկայացուցիչը։
Նա նշեց, որ փորձում են բանակցությունների միջոցով հասնել նրան, որ շենքը չկառուցվի, դրա փոխարեն, եթե հնարավոր է, քաղաքապետարանը դպրոց կառուցի։
Համատիրությունը գրավոր դիմել է քաղաքապետին, գլխավոր ճարտարապետին, որ թեկուզ փուլ առ փուլ լուծեն խնդիրը։