Արհեստական շնչառական սարքերին միացված է 8 քաղաքացի, ծանր վիճակում գտնվում է 80, ծայրահեղ ծանր վիճակում՝ 30 հոգի։ Այս մասին azatutyun. am-ի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Սահմանափակումների հանելուն ես նայում եմ զգուշավորությամբ, որովհետև հասկանում եմ , որ այդ ամենը կարող է բերել թվերի աճի, բայց նաև հասկանում եմ, որ հնարավոր չէ տոտալ փակված վիճակում ապրել։ Մենք ուղղակի պետք է սովորենք ապրել, իսկ այդ պրոցեսը կախված է բոլորիցս։ Այլընտրանք չկա, պետք է սովորենք ապրել այս պայմաններում, որպեսզի հետևանքները ցավոտ չլինեն բոլորիս համար։ Սովորելը դիմակ կրելն է փակ վայրերում, իրարից հեռու կանգնելը, ձեռքերը հաճախ ախտահանելը»- սահմանափակումների թուլացման վերաբերյալ ասել է նախարարը։
Թորոսյանը տեղեկացրեց, որ առողջապահության համակարգի սահմանափակ ռեսուրսները վերաբերում են միայն մահճակալային ֆոնդին։ Այս պահին այդ ֆոնդը 1550-ն է, սակայն մոտ օրերս այն կավելանա ևս 150-ով։ Նախարարի խոսքով անհրաժեշտության դեպքում գալիք օրերին գործընթացին կներգրավվեն մարզային 3 հիվանդանոցներ, որոնք մահճակալային ֆոնդը կավելացնեն 300-400-ով։