Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մայիսի 6-ին մամուլի ասուլի ժամանակ ներկայացրեց կորոնավիրուսի պայմաններում ՊԵԿ նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակները և գործիքները։
Փաշայանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու, ինչպես նաև հետևանքները չեզոքացնելու նպատակով դեռևս մարտի սկզբին ՊԵԿ նախագահի հրամանով և ղեկավարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ՝ կանխարգելիչ միջոցառումների և օպերատիվ տեղեկատվությունների տրամադրման համապատասխան աշխատանքային խումբ։
«Միանգամից շատ արագ ներդրվեց էլեկտրոնային վճարման համակարգը։ Գիտեք, որ Պետական եկամուտների կոմիտեի բոլոր հաշվետվական ձևերը, հարկային հաշիվները, հարկային փաստաթղթերը էլեկտրոնային են, և մնացել էր, որ վճարումները լինեին էլեկտրոնային։ Դա, իհարկե, մի քանի անգամ կրճատեց մեր հարկ վճարողների հետ շփումը, բանկ այցելությունները և այլն»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։
Փաշայանի խոսքով՝ վճարման համակարգը ներդնելուց հետո ՊԵԿ-ը սկսեց աշխատանքներ իրականացնել նաև այլ ուղղություններով։ Դրանցից են հիփոթեքի վերադարձի դիմումի ձևի էլեկտրոնային եղանակով բանկերից ստացումը և վերլուծական «խելացի» համակարգը, որը հարմարեցվել է համավարակի պայմաններին։
ՊԵԿ-ի նախագահի տեղակալը հայտնեց, որ մայիսի 6-ին Կենտրոնական բանկի հետ քննարկել են էլեկտրոնային վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը ներդնելու հարցը։
«Դա նոր համակարգ է, որը արդեն ստեղծված է ՊԵԿ-ում և սպասում ենք, որպեսզի բիզնեսը առաջ գա և ինտեգրվի այդ համակարգին։ Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպություններում, նաև համավարակի պայմաններում բոլոր այն կազմակերպություններում, որոնք ծառայություն են մատուցում հեռախոսի միջոցով, ինտեգրվում է էլեկտրոնային ՀԴՄ-ն ընկերությունների էլեկտրոնային կառավարման համակարգի հետ, տեղեկատվությունն առցանց եղանակով ֆիքսվում է ՊԵԿ-ում և հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը վայրկյանների ընթացքում տրվում է սպառողին։ Դա ևս օգնում է, որպեսզի սպառողներն ավելի հարմարավետ օգտվեն էլեկտրոնային ծառայություններից, իսկ մեր տնտեսավարողները հնարավորություն ունենան ավելի որակով և արագ ծառայություններ մատուցել»,- եզրափակեց Փաշայանը։