կարևոր
1728 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-06 12:35

Լեհաստանի Սենատը մերժել է նախագահական ընտրությունները փոստային քվեարկությամբ անցկացնելու նախագիծը

Լեհաստանի Սենատը մերժել է նախագահական ընտրությունները փոստային քվեարկությամբ անցկացնելու նախագիծը

Լեհաստանի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) մայիսի 5-ին մերժել է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից ներկայացված՝ նախագահական ընտրությունները փոստային քվեարկությամբ անցկացնելու նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Ընտրությունները Լեհաստանում նախատեսված են մայիսի 10-ին:

Ընդդիմությունը, որը Սենատում կեսից ավելի տեղ է զբաղեցնում, կողմ է արտահայտվում ընտրությունների օրը տեղափոխելու օգտին: Դրանից բացի, ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ փոստային ծառայությունը չի կարող քվեաթերթիկները ժամանակին հասցնել 30 մլն ընտրողներին:

Լեհաստանի Սահմանադրության համաձայն, Սենատը իրավունք ունի մերժել Սեյմի՝ ստորին պալատի, կողմից ներկայացված ցանկացած նախագիծ: Այդուհանդերձ, ստորին պալատը կարող է հաղթահարել Սենատի վետոն՝ ունենալով ձայների բացարձակ մեծամասնություն: Սեյմում պատգամավորների զգալի մասը «Օրենք և արդարություն» կուսակցության ներկայացուցիչներն են: Մոտ օրերս սպասվում է պատգամավորների քվեարկությունը:

Իշխող ուժի կողմից նախագահական ընտրություններում ներկայացված է ներկայիս նախագահ Անջեյ Դուդան: Սոցհարցումների համաձայն նա առաջին տեղում է: Դուդան նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից: