կարևոր
1266 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-06 10:44

Խորհրդարանն ընդունեց նախադպրոցական ոլորտում հեղափոխություն առաջարկող օրինագիծը

Խորհրդարանն ընդունեց նախադպրոցական ոլորտում հեղափոխություն առաջարկող օրինագիծը

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես սահմանվում են այդ հաստատություններ ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը: 

«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 116 «կողմ» ձայն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գնահատմամբ՝ նախագիծը հեղափոխական է ոլորտի համար: Առաջարկվող օրենքը բավականին լուրջ փոփոխություն է ենթադրում նախադպրոցական կրթության ոլորտում: Որոշակի սահմանումներ են ավելացվել:

Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքներն են սահմանվել, տարանջատվել են նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները: Ամրագրվել են նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք կամ ավելի երեխա ունեցող, կամ զինծառայողի ծնողների երեխաները:

Վերանայվել է նաև դրանցում երեխաների սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը, ավելացվել են երեխաների իրավունքների դրույթներ: Սահմանվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր բուժզննությունը տարեկան առնվազն մեկ անգամ, մանկավարժական աշխատատեղերի 1/5-ի տարեկան մեկ անգամ պարտադիր վերապատրաստումը: Նախագծում ներառվել են նաև տնօրենի գործառույթները:

Կարգավորվելու է զարգացման կենտրոնների պարտադիր լիցենզավորման հարցը: