կարևոր
1137 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-06 02:31

Վախճանվել է մեր ժամանակների հռչակավոր մաթեմատիկոս Սերգեյ Ադյանը

Վախճանվել է մեր ժամանակների հռչակավոր մաթեմատիկոս Սերգեյ Ադյանը

Մոսկվայում 2020թ. մայիսի 5-ին, կյանքի 89 տարեկան հասակում վախճանվել է հռչակավոր մաթեմատիկոս, մեր հայրենակից Սերգեյ Ադյանը, ով հանդիսանում է հանրահաշվի և մաթեմատիկական տրամաբանության 20-րդ դարի խոշոր գիտնականներից մեկը: Խմբերի և կիսախմբերի տեսությունների վերաբերյալ նրա կողմից ստացված հիմնարար արդյունքների մեծ մասը արդեն համարվում են դասական: Դրանց շարքում են մաթեմատիկայի ալգորիթմական խնդիրներին առնչվող մի շարք արդյունքներ:

Ս. Ադյանը` ակադեմիկոս Պ. Ս. Նովիկովի հետ համատեղ լուծել են հանրահաշվի ամենադժվար պրոբլեմներից մեկը` Բըրնսայդի պրոբլեմը պարբերական խմբերի վերաբերյալ: Ըստ որում` այդ խնդրի լուծման եղանակը կիրառվել է նաև խմբերի տեսության մի շարք այլ արդիական խնդիրների լուծման համար: Ակադեմիկոս Ս. Ադյանի գիտական դպրոցը ամենահայտնիներից է աշխարհում: