կարևոր
2886 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-05 19:33

ԲԴԽ նախագահը Իրանի դեսպանի հետ քննարկել է դատական իշխանությանը վերաբերող հարցեր

ԲԴԽ նախագահը Իրանի դեսպանի հետ քննարկել է դատական իշխանությանը վերաբերող հարցեր

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը մայիսի 5-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Ողջույնի խոսքից հետո Խորհրդի նախագահը ներկայացրեց  Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը՝ մասնավորապես ուղղված կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանը և արտակարգ դրության պայմաններում դատական իշխանության բնականոն, անխափան և շարունակական աշխատանքի ապահովմանը՝ գերակա համարելով հանրային առողջությունը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և  ներկայացրեց Իրանում առկա վիճակը համավարակի պայմաններում՝ նշելով, որ երկրում մի քանի տասնյակ հազարի հասնող վարակված անձանց 80%-ն արդեն իսկ ապաքինվել է:

Կողմերը հույս հայտնեցին, որ համավարակը շուտով կլքի ամբողջ աշխարհը, և մարդկությունը հնարավորություն կունենա վերադառնալ իր բնականոն կյանքին:

Հանդիպմանը քննարկեցին դատական իշխանությանը վերաբերող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Առանձնակի կարևորվեց հարևան երկու երկրների դատական մարմինների արդյունավետ համագործակցությունն ու փոխգործակցության խորացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: