կարևոր
2345 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-05 17:57

Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում վերանայել ուսանողներին տրվող աջակցության համար պահանջվող չափորոշիչները

Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում վերանայել ուսանողներին տրվող աջակցության համար պահանջվող չափորոշիչները

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարությանը կոչ է անում վերանայել ուսանողներին տրվող աջակցության համար դրված չափորոշիչները: Զոհրաբյանն այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին:

«Շարունակելու ենք բարձրաձայնել այն հարցերը, որոնցով քաղաքացիները դիմում են մեր խմբակցությանը: Քաղաքացուն ասում եք գրանցվիր, գրանցվում է, հետո ասում եք՝ կներեք, համակարգը թարմացված չէ, սպասեք մինչև կթարմացվի: Դա քաղաքացու խնդիրը չէ, կարգի բերեք ձեր համակարգերը, որպեսզի այն քաղաքացիները, որոնք այս կամ այն ծրագրի շահառու են, կարողանան օգտվել: Միգուցե շատերի համար մեկ օրը, երկու օրը, մեկ ամիսը ոչինչ չարժե, սակայն  շատ քաղաքացիների համար մեկ օրն անգամ կենսական նշանակություն ունի»,-նշեց պատգամավորը:

Անդրադառնալով ուսանողներին տրվող աջակցությանը՝ Զոհրաբյանը նկատեց, որ աջակցությունից օգտվելու համար բարձր միջին որակավորման գնահատականի պահանջ է սահմանվել: «Այդպիսի միջին որակավորման գնահատական ունեցողը հիմնականում օգտվում էր անվճար համակարգից: Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ֆորսմաժորային իրավիճակը ուղիղ կապ ունի՞ ուսման առաջադիմության հետ, այսինքն ով առաջադիմություն չունի, նշանակում է ուսման վարձերի զեղչման խնդիր չունի՞»,-ասաց նա և կոչ արեց համակարգը վերանայել, քանի որ սա, պատգամավորի խոսքով,  անարդար մոտեցում է ուսանողների հանդեպ:

Զոհրաբյանը նկատեց՝ առաջարկվում է նաև անտոկոս վարկ, սակայն մայր գումարը որտեղի՞ց են մուծելու այն ուսանողները, որոնք և իրենց ծնողները ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում չեն աշխատում: