ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին կորոնավիրուսի համաճարակի օրերին իրենց կատարած աշխատանքի համար: Հովհաննիսյանն այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին:
«Հեղափոխությունից ի վեր մեր քաղաքացիների մոտ վստահաբար վերափոխման են ենթարկվել և դեռ ենթարկվում է ոստիկանի կերպարի մասին պատկերացումները: Եթե նախկինում ՀՀ քաղաքացուն և ոստիկանին բաժանում էին փշալարերը, այսօր նրանց միավորում է հոգատարությունը և ժողովրդավար պետություն ունենալու նույն երազանքը: Ոստիկանի և քաղաքացու փոխվստահության և հոգատարության մասին պատկերացումներն ավելի ամբողջացան համաճարակի այս պայմաններում, երբ տեսանք փողոցներում օր ու գիշեր հերթապահող ոստիկանների»,-ասաց նա:
Նա նշեց՝ առաջիկայում ոստիկանական համակարգում սպասվում են արմատական փոփոխություններ, բարեփոխումներ, որոնք էլ ավելի կամրացնեն ոստիկան-քաղաքացի կապը, այդպիսով ստեղծվելով քաղաքացիների ներքին անվտանգության ավելի կայուն և արդյունավետ երաշխիքներ: Պատգամավորը շեշտեց՝ այսօր էլ պետք է արձանագրել, որ ոստիկանական համակարգում հայտնվելու կամ ծառայողական առաջխաղացման միակ երաշխիքը հայրենասիրությունը, կրթությունը և նվիրվածությունն են, այլ ոչ թե ծանոթը փողը և այլն: Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին համաճարակի օրերին կատարած աշխատանքի համար: