Մայիսի 5-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ:
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների աստիճանական հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող միջոցառումների և ծրագրերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանն իր զորակցությունն է հայտնել Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ համավարակի հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում:
Անդրադառնալով մայիսի 6-ին կայանալիք հատուկ թռիչքի մանրամասներին՝ Զոհրաբ Մնացականյանը և Մուխտար Թլեուբերդին գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների՝ հայրենիք տեղափոխման հարցում ցուցաբերած փոխօգնության և փոխադարձ աջակցության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխուժացնել հայ-ղազախստանյան համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ բարձրաստիճան փոխայցերի կազմակերպման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների և միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացման միջոցով:
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները հանգամանալից քննարկել են տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունը՝ ուղենշելով համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: