Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքին կատարվող նվազագույն աշխատավարձի որոշակի չափով նվիրատվությունների մասին տեղեկությունը քաղաքացիների համար դարձնել հրապարակային:
Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի և Սոնա Ղազարյանի հեղինակած նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Առաջարկվող նախագծով փորձ է արվում ապահովել համայնքներին կատարվող նվիրատվությունների գործընթացների թափանցիկությունը: Առաջին ընթերցմամբ քննարկմանն առաջարկվում էր համայնքի սեփականության գոյացման աղբյուրների մասին հոդվածում ավելացնել պարբերություն, որով սահմանվում է, որ համայնքի ղեկավարը մեկ շաբաթվա ընթացքում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկը գերազանցող նվիրաբերության մասին տեղեկատվությունը պետք է դարձնի հրապարակային քաղաքացիների համար: Սակայն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկը պահպանվել է բոլոր համայնքների համար՝ բացառությամբ Երևանի: «Երևանի պարագայում առանձնացրել ենք դրույքաչափը և սահմանել, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-պատիկը գերազանցող նվիրաբերության կամ նվիրատվության պարագայում համայնքի ղեկավարը՝ այսինքն Երևանի քաղաքապետը պարտավոր է այդ մասին տեղեկացնել Yerevan.am համացանցային կայքով»,-ասաց Ղազարյանը:
Պատգամավորը նկատեց, որ բարձրացվել էր նվիրատուի անձնական տվյալների պահպանության հարցը: Այսպիսով, օրենքի նախագծում ավելացվել է ևս մեկ պարբերություն, որով սահմանվել է, որ նվիրատուի մասին տեղեկատվությունը հրապարակման ենթակա է այն պարագայում, երբ կա նվիրատուի կողմից գրավոր համաձայնություն:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց կառավարության դրական կարծիքը: