կարևոր
2158 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-05 13:40

Պատգամավորները քննարկում են նախադպրոցական ուսումնական հաստատություններին առնչվող օրինագիծը

Պատգամավորները քննարկում են նախադպրոցական ուսումնական հաստատություններին առնչվող օրինագիծը

ՀՀ կառավարությունը ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով կարգավորում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես սահմանվում են այդ հաստատություններ ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը: «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում խմբագրումներ են արվել: Արայիկ Հարությունյանի գնահատմամբ՝ նախագիծը հեղափոխական է ոլորտի համար: Առաջարկվող օրենքը բավականին լուրջ փոփոխություն է ենթադրում նախադպրոցական կրթության ոլորտում: Որոշակի սահմանումներ են ավելացվել:

 «Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքներն են սահմանվել, տարանջատվել են նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները: Մասնավորապես, որպես խնդիր ավելացվել են նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի բարձրացումը, որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների, ներառականության և մատչելիության ապահովումը՝ խելամիտ հարմարեցումների միջոցով և այլն: Ամրագրվել են նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք կամ ավելի երեխա ունեցող, կամ զինծառայողի ծնողների երեխաները»,-ասաց նախարարը:

Սահմանվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունն ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումը և հսկողությունը: Վերանայվել է նաև դրանցում երեխաների սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը, ավելացվել են երեխաների իրավունքների դրույթներ: Սահմանվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր բուժզննությունը տարեկան առնվազն մեկ անգամ, մանկավարժական աշխատատեղերի 1/5-ի տարեկան մեկ անգամ պարտադիր վերապատրաստումը: Նախագծում ներառվել են նաև տնօրենի գործառույթները:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի Սոֆյա Հովսեփյանը նկատեց, որ կարգավորվելու է զարգացման կենտրոնների պարտադիր լիցենզավորման հարցը: Մինչև օրս յուրաքանչյուրը կարող էր ԱՁ բացել և պարզապես ծառայություններ մատուցել, որևէ մեկը վերահսկողություն չէր սահմանում, թե ինչ ծառայություն է մատուցվում: «Օրինակ՝ կարող էին պարզապես զբաղվածության համար վերցնել, բայց հետագայում նախադպրոցական կրթություն իրականացնեին, իսկ այս պարագայում արգելվում է, պետք է պարտադիր լիցենզավորում անցնեն: Ծրագիրն իրականացվելու է միայն կրթական չափորոշչի և ծրագրի հիման վրա»,-ասաց նա: