կարևոր
435 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-05-05 13:17

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ապահովագրական հատուցումը չդիտել որպես հարկման ենթակա եկամուտ

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ապահովագրական հատուցումը չդիտել որպես հարկման ենթակա եկամուտ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ըստ էության առաջարկվում է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ապահովագրական հատուցման գումարը չդիտել որպես հարկման ենթակա եկամուտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նա նշեց՝ նախագծի նպատակն է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ապահովագրական հատուցումների հարկման հետ կապված հարցերի կարգավորումը: Խաչատրյանը մանրամասնեց՝ ներկայումս վարկ ստանալու համար բանկերին և վարկային կազմակերպություններին դիմող շատ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը ապահովագրվում է, և որպես դրանց շահառու է ճանաչվում բանկը կամ վարկային կազմակերպությունը: Մասնավորապես, եթե ապահովագրական պատահար է տեղի ունենում, ապահովագրական հատուցումը նախ ստանում են բանկերը կամ վարկային կազմակերպությունները, որոնք այդ գումարն ուղղում են վարկի մարմանը, այնուհետև մնացած գումարը տրվում է տվյալ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը: Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն՝ այդ ապահովագրական հատուցումը բանկերի և վարկային կազմակերպությունների համար ներառվում է շահութահարկով հարկման ենթակա բազային հարկման մեջ, ընդունվում է որպես եկամուտ: Միևնույն ժամանակ, երբ այդ գումարի մնացորդը վերադարձվում է տվյալ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, դա ևս դիտարկվում է որպես եկամուտ՝ եկամտային հարկով հարկման բազայի հաշվարկման ժամանակ: «Հետևաբար, ունենում ենք այնպիսի իրավիճակ, որ ֆիզիկական անձը կամ կազմակերպությունը կարող է կրկնակի տուժել: Մասնավորապես, այդ հարկման բազայի մեջ ներառվելը բերում է նրան, որ վարկի մարմանն ուղղվող գումարը, ինչպես նաև անձին վերադարձվող վերջնական գումարը, ըստ էության, նվազում են: Հետևաբար, այդ օրենսդրական բացը լրացնելու համար նախաձեռնվել է այս նախագիծը: Ըստ էության, մենք հանում ենք այդ կարգավորումները, և թե բանկի, թե վարկային կազմակերպության համար այդ գումարը՝ ապահովագրական հատուցումը չի դիտվելու որպես եկամուտ, չի դիտվելու նրանց համար նաև ծախս, երբ վճարում են ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, ինչպես նաև հարկման իմաստով եկամուտ չի դիտվի ֆիզիկական անձի կամ կազմակերպության համար»,-ասաց Խաչատրյանը:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կոնսենսուս են ձեռք բերել բոլոր դրույթների մասով: Միայն բանկի և վարկային կազմակերպությունների համար եկամուտ չճանաչելու դրույթին հետադարձ ուժ կտրվի և կտարածվի 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած և ծագող հարաբերությունների վրա: Իսկ ֆիզիկական անձանց համար եկամուտ չդիտելու դրույթը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նախագծի շուրջ կառուցողական աշխատանքի համար: Նա արձանագրեց՝ նախագիծն ուղղված է գործնական խնդիրների լուծմանը: