կարևոր
1832 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-04 19:48

Արսեն Թորոսյանը մարզպետի հետ այցելել է Արտաշատի ԲԿ, ծանոթացել կորոնավիրուսով վարակվածների բուժման ընթացքին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այսօր այցելել են Արտաշատի բժշկական կենտրոն՝ հերթական անգամ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների՝ այստեղ իրականացվող բժշկական օգնության կազմակերպման պայմաններին և ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք Արտաշատի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:

«Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և COVID-19-ի կլինիկական աշխատանքների գծով համակարգող Լիլիթ Մուսեյանը հանգամանորեն ներկայացրեցին այս պահին ԲԿ-ում հիվանդանոցային բուժում ստացող 120 պացիենտների առողջական վիճակը՝ ընդգծելով, որ բուժանձնակազմի կողմից արվում է ամեն ինչ՝ նրանց որակյալ բժշկական օգնություն ու հոգեբանական աջացություն ցուցաբերելու նպատակով:

Նախարար Թորոսյանն իր գոհունակությունը հայտնեց ԲԿ-ում կազմակերպվող բարձրակարգ բուժօգնության և պացիենտների բժշկական խնամքը միջազգային ուղեցույցների համապատասխան կատարելու համար:

- Այս օրերին բուժաշխատողներին բարդ ու պատասխանատու առաքելություն է վերապահված՝ հաղթահարել ամեն րոպե առաջացող մարտահրավերները՝ կապված COVID-19 համավարակի հետ, ինչն այս թիմը հաջողությամբ իրականացնում է,-մասնավորապես նշեց պարոն Թորոսյանը:

-Ուրախալի է, որ ԲԿ-ում բժշկական օգնության կազմակերպումը բարձր մակարդակով է կատարվում, պացիենտների բուժման համար ստեղծված են բոլոր պայմանները,-ընդգծեց մարզպետ Սարգսյանը:

Իր հերթին պարոն Համաբարձումյանը շնորհակալություն հայտնեց պարոն Թորոսյանին և պարոն Սարգսյանին՝ կենտրոնի կողքին մշտապես լինելու և աջակցելու համար»: