կարևոր
2628 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-04 19:17

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը կրկին մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը կրկին մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին միջնորդությունը կրկին մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։ 

Հովհաննես Խուդոյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Ներկայացված միջնորդության հիմքում ընկած է կորոնավիրուսի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կորոնավիրուսի վարակման տարիքային ռիսկային խմբում:

Բացի այդ՝ պաշտպանը դիմել էր նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար, ինչը մերժվել է: Նշենք, որ Աննա Դանիբեկյանն այս պահին արձակուրդի մեջ է։

«Մենք դիմում ենք, ասում ենք՝ դատավոր Աննա Դանիբեկյանը բացակայում է, վերամակագրեք այլ դատավորի, ասում են՝ մակագրում ենք դատավոր Դանիբեկյանին »,- նշել է Խուդոյանը։ Որպես պատճառաբանություն նշվել է այն հանգամանքը, որ դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է վերադառնա մայիսի 8-ին, մինչդեռ՝ նախկինում նրա բացակայությունն անտեսվում էր։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առաջին միջնորդությունը՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին ներկայացվել է դեռեւս մարտի 16-ին, սակայն առ այսօր այն չի քննարկվել։ Մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, թեեւ փաստաբանները նախապես ճշտել էին դատարանից, որ նշանակված նիստը կայանալու է , բայց չի կայացել։ Հետագայում պարզվեց, որ Աննա Դանիբեկյանն անաշխատունակության թերթիկ է վերցրել մարտի 13-ից մինչեւ ապրիլի 16-ը, որի ընթացքում պետպատվերի շրջանակներում քթի վիրահատություն է արել։

Անաշխատունակության ժամկետը լրանալուց հետո էլ՝ ապրիլի 17-ին հայտնի դարձավ, որ դատավորը հիմա էլ հերթական արձակուրդ է վերցրել մինչեւ մայիսի 7-ը։