814 դիտում, 2020.05.04 19:09

2-րդ անգամ որ երեխա ծնվի, մոր կողքից տեղ չենք գնա ու ավելի հոտատար կլինենք. ինչո՞ւ է Վեդիի ծննդատանը երեխա մահացել

2-րդ անգամ որ երեխա ծնվի, մոր կողքից տեղ չենք գնա ու ավելի հոտատար կլինենք. ինչո՞ւ է Վեդիի ծննդատանը երեխա մահացել

Մայիսի 4-ին, SHAMSHYAN.com են դիմել Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչներ, ամուսիններ, 30-ամյա Հովհաննես Մելիքյանն ու 25-ամյա Ռուզաննա Մելոյանը, ովքեր իրենց զայրույթն ու պահանջն են ներկայացնում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի վերջինս հետևողական լինի և Վեդիի ծննդատան բժիշկ–գինեկոլոգ Հարություն Բադալյանը պատասխանատվության ենթարկվի: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ամուսինն ասել է.

«Կինս 9 ամսվա ընթացքում ոչ մի առողջական խնդիրներ չի ունեցել: Կանոնավոր անցել է կոնսուլտացիան: Բժիշկներն ասում էին, որ առանց խնդրի մենք կունենանք մեր առաջնեկին, բայց ինչ իմանանք, որ բժիշկ-գինեկոլոգ Հ. Բադալյանի անփութության և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանքով մեր առաջնեկին կկորցնենք: Հենց ապրիլի 19-ին կնոջս բերել ենք Վեդիի ծննդատուն, որ պետք է մի քանի օր հետո ծննդատնից մեծ ուրախությամբ գնայինք տուն, սակայն մեզ ոչ միայն արհամարհանքի արժանացրեցին, նույնիսկ հրաժարվեցին պատասխանել հարցերին: Գիշերով արդեն երեխային ծայրահեղ-ծանր վիճակում գաղտագողի տեղափոխում են Մուրացանի ծննդատուն, որտեղի բժիշկներից մենք գոհ ենք, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի երեխայի կյանքը փրկեին, սակայն անզոր էին: Մեր առաջնեկի մահվան մեջ մենք մեղադրում ենք Վեդիի ծննդատան բժիշկ-գինեկոլոգ Հ. Բադալյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների, այստեղ մի քանի անգամ նույնպես նման իրավիճակներում են հայտնվել, և այս ծննդատան պատճառով բազմաթիվ մայրեր են արցունքն աչքերին գնացել տուն: Մենք չենք ասում, թե լավ բժիշկ կամ բժշկություն չկա: Կա, ու հենց դրա համար էլ պահանջում ենք Առողջապահության նախարարից, որպեսզի հետևություններ անի. կամ այս ծննդատունը փակեն, կամ աշխատանքի ընդունեն իրենց գործին գիտակ, սրտացավ բժիշկների»: 

Մայրն էլ իր հերթին նշել է.

«Քանի օր է, ուզում եմ իմանամ երեխայիս մահվան պատճառը, ոչ ոք չի պատասխանում իմ հարցերին: Նույնիսկ բժշկին խնդրեցի, որ կեսարյան անեն, քանի որ ցավերին չէի դիմանում, սակայն բժիշկը արհամարհեց իմ այդ խնդրանքը, ինչն էլ պատճառ դարձավ տղա առաջնեկի մահվան: Ուրախացել էի, երբ իմացել էի, որ առաջնեկս տղա է: Հպարտորեն ասում էի՝ հայոց բանակը համալրվելու է նաև իմ տղայով, բայց ինչ իմանայի, որ դա իրականություն չի դառնա բժիշկների մեղքով: Այնքան են լկտիացել, որ քույրն ինձ ասում է՝ ոչինչ, իմ առաջնեկն էլ է մահացել: Մեր ընտանիքով պահանջում ենք, որպեսզի ստեղի բժիշկները պատասխան տան: Որպես մայր, ես գոհ եմ Մուրացանի ծննդատնից, ցավոք, ստեղի բժիշկը էնպիսի օրն էր գցել երեխայիս, որ Մուրացանի բժիշկներն անզոր էին փրկելու նրա կյանքը»: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ծնողները դիմել են նաև ոստիկանություն՝ պահանջելով, որպեսզի կատարվի օբյեկտիվ հետաքննություն ու մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: 

«Մենք գիտենք, մեր երեխային էլ հետ չենք բերի, բայց թող մեղավորները պատժվեն, որ հետագայում ոչ մի ծնող էն ցավն ու վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում: Այն աստիճանի են ինքնավստահ, որ մենք, լինելով վշտի մեջ, մեզ ասում էին՝ ոչինչ, 2-րդ անգամ, որ երեխա ծնվի, մոր կողքից տեղ չենք գնա ու ավելի հոգատար կլինենք: Այս խոսքերն ուզում ենք, անպայման, լսեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»,-նշել են ծնողները: