կարևոր
779 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-04 18:20

Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում եւ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ»,- նշում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:

Մայիսի 2-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեսանյութով էր հանդես եկել և հայտարարել, որ 2018-2019 թվականներին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որևէ հիմնադրամի, դրանից հետո որևէ քրեական գործ չի հարուցվի, սակայն Մինասյանը չի կարող վերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը ասել էր նաև, որ մերժել է այս առաջարկությունը: